“Bring someone along”: evangelistic services with Carl-Gustaf Severin

«Բե՛ր քեզ հետ ևս մեկին» ավետարանչական հավաքույթները մեկնարկեցին «Կյանքի Խոսք» եկեղեցում:

«Հիսուսը գիտի բոլորիս կյանքը, սայթաքումներն ու մեղքերը, բայց նա մեզ չի ուղարկում դժոխք, այլ տալիս է հնարավորություն՝ հավիտենական կյանքին արժանանալու համար»,- հենց այս ուղերձով երեկ երեկոյան եկեղեցական հավաքույթն սկսեց ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինը:

Խոսելով Քրիստոսի կատարած զոհի մասին՝ Կարլ Գուստավն ասաց, որ Աստված գիտի յուրաքանչյուրի անունը և պատրաստ է փոխել մեր կյանքերը. «Նա մահացավ մեզ համար խաչի վրա: Հիսուսը կյանքերը փոխելու վարպետ է: Աստվածաշնչում մենք ունենք շատ օրինակներ, երբ Քրիստոսի հետ հանդիպումից հետո մարդիկ վերափոխվում էին: Հիշում եք Զաքեոսին՝ նա կաշառակեր մի անձնավորություն էր, ով, օգտվելով իր պաշտոնական դիրքից, վերցնում էր մարդկաց փողերն ու ունեցվածքը: Բայց մի օր, երբ Հիսուսն անցնում էր նրա տան մոտով, տեսավ Զաքեոսին, կանգ առավ և ասաց. «Ես ցանկանում եմ քո տուն գալ»: Հիսուսն այսօր ցանկանում է քո տուն գալ և փոխել քո կյանքը, ընտանիքը: Եթե կանչես Նրան, Տերն անպայման կգա»:

Քարոզիչը նշեց, որ քրիստոնեությունը կրոն չէ, այլ՝ սրտի փոփոխություն: Նա կոչ արեց՝ ընդունել Քրիստոսին մեր սրտերում: «Քո կյանքը մի օր կավարտվի, և այսօ՛ր է որոշում կայացնելու ժամանակը: Ուրիշ հնարավորություն գուցե այլևս չլինի: Իմացի՛ր, Հիսուսն ունի պատասխանը աշխարհի բոլոր պրոբլեմների համար»:

Հավաքույթի վերջում՝ ապաշխարության աղոթքի ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ անկեղծորեն իրենց կյանքը նվիրեցին Քրիստոսին: Կիսվելով իրենց տպավորություններով՝ մարդիկ նշեցին, որ իրականում գիտակցում են, թե ինչ զոհ է կատարել Հիսուսը, և թե ինչ է պատրաստել մեզ համար ապագայում:

Հիշեցնենք, որ ավետարանչական ծառայությունները եկեղեցում դեռ շարունակվում են. շաբաթ օրը՝ ժամը 18:00-ին, և կիրակի օրը՝ ժամը 12:00-ին: Դու կարող ես հրավիրել ևս մեկին:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: