Երկար տարիներ աշխատելով Սոչի քաղաքում` Արմինեի ընտանիքն ապրում էր ֆինանսապես ապահով ու բարեկեցիկ կյանքով: Տարիների ընթացքում նրա ամուսինը ներգրավվեց այդ քաղաքի հանցագործ շրջապատի մեջ, սկսեց հաճախակի բացակայել տնից, ընտանիքի հանդեպ անհարգալից վերաբերմունք ունենալ: Մշտական վիճաբանությունների արդյունքում նրանց ընտանիքը կանգնեց քայքայման եզրին: Ամուսինը որոշեց հեռանալ Կանադա:

Արմինեն կարծում էր, որ ամուսինն ընդմիշտ հեռացել է իրենից, սակայն մեծ էր նրա զարմանքը, երբ հանկարծ մի օր ամուսնուց հրավեր ստացավ` մեկնելու Կանադա եւ միասին ապրելու:

Կանադայում Արմինեի ամուսինը հանդիպել էր մի քրիստոնյայի, որի վկայության շնորհիվ ապաշխարել եւ նոր կյանք էր սկսել: Նա շատ էր ցանկանում, որ Արմինեն էլ հետեւի իր քայլին, սակայն անցած տարիների վիրավորանքը խանգարում էր Արմինեին: Աստծուն դառնալու յուրաքանչյուր առաջարկ նա համառորեն մերժում էր:

Ընտանիքում նորից վիճաբանություններ սկսվեցին: Արմինեն որոշեց մեկնել Հայաստան: Սակայն թռիչքի նախորդ օրը որովայնի շրջանում սուր ցավեր սկսվեցին, եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հետազոտությունը ցույց տվեց, որ աղիքներում քաղցկեղ էր սկսվել եւ տարածվել օրգանիզմում: Արմինեի վիճակն այնքան ծանր էր, որ բժիշկներն ապրելու հույս չէին տալիս. նրանք նույնիսկ հրաժարվում էին վիրահատել: Բայց քանի որ Արմինեն հաստատ որոշել էր, վիրահատություն նշանակեցին:

Ամուսինն ու նրա ընկերները անդադար աղոթում էին Արմինեի բժշկության համար: Նրանք այցելում էին Արմինեին, հույս տալիս, սակայն Արմինեն չէր հավատում Աստծո բժշկությանը:
Վիրահատությունից հետո Արմինեի վիճակը շարունակում էր մնալ անհույս: Բժիշկներն ինչ որ կարողացել էին անել` արել էին, իսկ մնացածը միայն Աստված կարող էր անել:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմինեին քիմիոթերապիա նշանակեցին: Նրան սայլակով էին տեղափոխում, քանի որ ուժ չուներ շարժվելու. սարսափելի նիհարել եւ հյուծվել էր: Նա զգում էր, որ այլեւս ոչինչ չի մնում անելու, բացի Աստծուն դիմելուց, որովհետեւ միայն Աստված կարող է օգնել, բժշկել եւ վերականգնել:

Նա սկսեց եկեղեցի հաճախել, Աստվածաշունչ կարդալ: Հասկացավ, որ պետք է ների ամուսնուն եւ մոռանա անցյալը: Ժամերով կլանված դիտում էր քրիստոնեական հեռուստաալիքներ, քարոզներ լսում, տեսնում, թե ինչպես են մարդիկ վկայում իրենց կյանքում տեղի ունեցած հրաշքների մասին: Եվ դա նրան լցնում էր հավատքով:
Օրերից մի օր ծնկի գալով` նա սկսեց աղոթել. «Տե’ր Աստված, շատ եմ խնդրում բժշկիր ինձ…»:

Անցավ մեկ տարի, Արմինեն շարունակում էր քիմիոթերապիա ընդունել: Նա ամեն օր տեսնում էր Աստծո միջամտությունը եւ զգում, որ կազդուրվում է:

Երկրորդ վիրահատությունից առաջ բժիշկները եւս մեկ անգամ հետազոտեցին նրան: Վիրաբույժը կանչեց Արմինեի աղջկան եւ շատ զարմացած ասաց. «Չեմ կարողանում հասկանալ, թե այս ինչ հրաշք է կատարվում: Երբ մայրիկիդ տուն ուղարկեցինք, նրա վիճակն անհույս էր, բայց հիմա բոլոր վերքերն անհայտացել են»:

Բժիշկները զարմացած էին, թե ինչպես էին քաղցկեղածին բջիջներն անհետացել նրա օրգանիզմից: Արմինեն բացատրեց, որ ապաշխարել է եւ Հիսուսին ընդունել որպես իր Տեր եւ Փրկիչ: Նա էլ բժշկել է իրեն:

Արմինե Քոչարյան
Երևան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: