Ես ապաշխարել եմ մի քանի տարի առաջ: Այդ ժամանակ աշխատում էի մանկական վերականգնողական կենտրոնում, որպես ֆիզիոթերապևտ: Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելուց հետո սկսեցի ծառայել Նրան` իմ օգնությունը ցուցաբերելով հաշմանդամներին: Որոշ ժամանակ անց իմ կյանքում տեղի ունեցավ մի փորձություն, որն առիթ դարձավ, որպեսզի նորովի ճանաչեմ Աստծուն:

Մի օր իմ մարմնում տկարություն զգացի, ձեռքերս ու ոտքերս ցավում էին, չէի հասկանում, թե ինչն է պատճառը: Օր օրի ցավերն ուժեղացան: Մի օր առավոտյան արթնացա և զգացի, որ այլևս չեմ կարողանում քայլել, որովհետև ոտքերս այտուցվել են: Ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Միշտ ես էի օգնում ուրիշներին, իսկ այժմ ինքս էի հայտնվել հիվանդի դերում:

Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում ախտորոշել իմ հիվանդությունը: Երկար զննումներից հետո պարզվեց, որ սկսվել է անդառնալի պրոցես` պնևմոֆիբրոզ, մեծացել են ներկրծքային լիմֆատիկ հանգույցները, իսկ թոքերում գոյացել են մի քանի օջախներ: Ախտորոշվեց սարկոիդոզ հիվանդությունը, որի բուժումը դեռևս բժշկության մեջ վերջնականապես պարզաբանված չէ:

Ես աղոթում էի, սակայն թվում էր, թե Աստված չի լսում ինձ: Չէի կարողանում հասկանալ, թե ինչու ինձ հետ կատարվեց այս բանը, մտածում էի, որ ամեն ինչ վերջացած է, այլևս ոչ մի հույս չկա: Օրերով ողբում էի, աղերսում Աստծուն, մինչև զգացի Նրա մխիթարությունը: Այդ ժամանակ իմ մեջ վստահություն և համոզվածություն առաջացավ, որ իմ նեղությունը ժամանակավոր է և հաղթահարելի: Խաղաղություն իջավ ինձ վրա, և սկսեցի շնորհակալություն հայտնել ու գոհանալ Աստծուց, որ Նա ինձ չի թողել: Ժամանակ առ ժամանակ գնում էի ստուգումների:  Չնայած սկզբում դրական ոչ մի պատասխան չկար, սակայն ես հավատում էի, որ Աստված ինձ բժշկել է: Ամենադժվարին պահերին իմ կողքին կանգնած էին եկեղեցու իմ քույրերն ու եղբայրները, ովքեր պատրաստ էին և’ ծոմ պահել, և’ անդադար աղոթել ինձ համար: Դա քաջալերում էր ինձ: Ես զգում էի, որ մենակ չեմ:

Հերթական ստուգումից հետո, բժիշկը զարմացած նայելով ինձ` ասաց. «Եթե ես նկարած չլինեի նախկին նկարները, և եթե ծանոթ չլինեի քո հիվանդության պատմությանը, կզարմանայի, թե ինչու ես եկել ինձ մոտ, որովհետև լիմֆ‎ատիկ հանգույցները ներծծվել են, պնևմոֆիբրոզի երևույթները` վերացել»: Երբ պատասխանը ստանալով` դուրս եկա բժշկի սենյակից, այնքան ուրախ էի, որ ուզում էի բարձրաձայն աղաղակել և մարդկանց պատմել, որ Աստված հրաշք է կատարել իմ կյանքում. Նա բժշկել է ինձ:

Հիմա, երբ հետ եմ նայում, մտածում եմ, որ միգուցե իզուր չէր այս ամենը, որովհետև հետո իմ ընտանիքում շատ դրական փոփոխություններ տեղի ունեցան: Ծնողներս ապաշխարեցին, աղջիկս սկսեց ավելի շատ հավատալ Աստծուն: Բացի այդ, հիվանդության ընթացքում կարծես իմ մաշկի վրա զգացի անդամալույծ մարդկանց վիճակը, որոնց ծառայում եմ, և դա ինձ օգեց, որպեսզի կարողանամ ավելի լավ հասկանալ ու օգնել նրանց:

Տերը հավատարիմ է բոլոր իրավիճակներում: Նա վերահսկում է ամեն բան: Կարևորը մեր սրտի ճիշտ վերաբերմունքն է: Դժվարությունների ժամանակ «ինչու»-ներ ասելու փոխարեն, ավելի լավ է հնազանդվել ու վստահել Տիրոջը:

Գայանե Սեկոյան, Երևան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: