Բժշկություն ողնաշարային ցավերից

Մանկուց սիրում էի պարել և հաճախում էի պարի դասընթացների, երազում էի, որ օրերից մի կպարեմ մեծ բեմում: Սակայն երազանքներս փշրվեցին, երբ հասակիս պատճառով ինձ չընդունեցին Պարի պետական անսամբլ: Հիասթափված` թողեցի պարը:

Տարիների ընթացքում մեջքիս հատվածում ցավեր զգացի, որոնք հետզհետե դարձան անտանելի: Պարզվեց` ողնաշարի ճողվածք է առաջացել, որն անհրաժեշտ է անհապաղ վիրահատել:

Այդ ժամանակ 35 տարեկան էի: Առանց երկար մտածելու` հրաժարվեցի վիրահատությունից, քանի որ բժիշկները կիսով չափ էին երաշխավորում վիրահատության բարեհաջող արդյունքը: Շատ հնարավոր էր, որ վիրահատությունից հետո անդամալույծ դառնայի:

Գնալով իմ առողջական վիճակն այնքան բարդացավ, որ առավոտյան չէի կարողանում աչքերս բացել եւ առանց օգնության ոտքի կանգնել:

Այնուհետև իմ կյանքում մեծ դժբախտություն եղավ. պատահարի հետևանքով կորցրի 15-ամյա աղջկաս: Մխիթարություն չէի գտնում և այլևս չէի ուզում ապրել: Գիշերներն արթնանում էի, նայում աղջկաս նկարներին և ինձ թվում էր, թե հուսահատությունից ուղղակի կխելագարվեմ:

Մի օր մեր հարևանները եկան մեր տուն, և սկսեցինք խոսել Աստծո մասին: Նրանք ինձ հրավիրեցին եկեղեցի` Աստծո Խոսքը լսելու:

Ես գնացի իմ երկու աղջիկների հետ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր: Ճիշտ է, իմ ֆիզիկական աչքերով Աստծուն չէի տեսնում, բայց զգում էի Նրա զորությունը: Այդ օրվանից իմ կյանքը փոխվեց: Աստված ինձ ուժ տվեց, զորացրեց և մխիթարեց, կարելի է ասել` Նա հարություն տվեց ինձ Իր սիրով և ջերմությամբ:

Հոգևոր բժշկություն ստանալուց հետո, Աստված բժշկեց նաև իմ մարմինը: Ողնաշարիս ցավերն ավելի էին սաստկացել, քանի որ երկու մետր բարձրությունից վայր էի ընկել: Կոտրվածքներ չէի ստացել, բայց պարանոցս այնպես էր բռնվել, որ չէի կարողանում գլուխս շարժել: Ամբողջ օրը լաց էի լինում: Մի գիշեր Տերը խոսեց ինձ հետ: Նա ասաց. «Բավական է, դու արդեն 15 տարի է, որ լաց ես լինում, սկս’ր փառաբանել Ինձ»: 

Գիշերվա ժամը երեքն էր, սկսեցի փառաբանել Աստծուն և զգացի, որ կամաց-կամաց ցավն անհետանում է: Հաջորդ օրը եկեղեցում մկրտվեցի ջրով: Երբ ոտքս դրեցի ջրի մեջ, սուր ցավ զգացի մեջքից մինչև գլուխս: Չեմ հիշում, թե ինչպես ընկղմվեցի ջրի մեջ, միայն գիտեմ, որ երբ ջրից դուրս եկա, հիվանդությունն ընդմիշտ հեռացավ ինձանից:

Շնորհակալություն Աստծուն: Ամեն օր փառք եմ տալիս Նրան Իր մեծ ողորմության եւ սիրո համար: 

Կարինե Մարգարյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: