Մենք շարունակում ենք խոսել Տիրոջ երկյուղի մասին: Եվ այսօրվա խոսքում տեսնում ենք, որ Սողոմոն Իմաստունը, ով ապրել էր թագավորական ճոխության մեջ, փորձել ամեն բան, վերջիվերջո գալիս է այն եզրակացության, որ կյանքում ամենակարևոր բանն է Աստծուց վախենալն ու Նրա պատվիրանները պահելը:

Սողոմոնը շատ մեղքեր էր գործել իր կյանքում, նա Աստծո սկզբունքներին դեմ էր դուրս եկել` կարծելով, թե այս աշխարհում ապրում է սեփական վայելքների համար: Սակայն օրերից մի օր հասկացել էր, որ Աստված դատաստանի է բերելու ամեն գործ` թե’ բարի, թե’ չար:

Այսօր շատ մարդիկ ապրում են մեղքերի մեջ՝ առանց գիտակցելու, որ օրերից մի օր կանգնելու են Աստծո առջև: Վերջերս հանդիպեցի մեկին, ով մի ձեռքով բռնել էր խմիչքի շիշը, մյուսով` ծխախոտը, և հանգիստ խղճով քննադատում էր եկեղեցու ծառայություններն ու ծառայողներին: Ինչ վերաբերում էր իրեն, նա համոզված էր, որ շնորհքով փրկված է և հավիտենական կյանք ունի: 

Ես նրան ասացի. «Մի պահ պատկերացրու, թե ինչպես ես կանգնելու Աստծո առջև, երբ մի ձեռքով բռնել ես խմիչքը, մյուսով` ծխախոտը, իսկ բերանդ լի է քննադատությամբ, որ սատանայից է: Ի՞նչ աչքերով ես նայելու Տիրոջը»: Այդ մարդը պարզապես կորցրել էր աստվածավախությունը: 

Գիտե՞ք, շատ հավատացյալներ, որոնք այսօր մտածում են, թե դրախտ են գնալու, իրականում կարող են հայտնվել դժոխքում, որովհետև ավելի շատ լցված են դժոխային ուղերձներով և ուսմունքներով, քան` երկնային:
Ժամանակն է, որ լցվենք երկնային ուղերձներով: Աստված ամեն ինչ դատաստանի է բերելու` թե՛ մեր հայտնի գործերը, թե՛ծածուկ:

Իհարկե, մեր հայտնի գործերը լավն են, որովհետև դրանք մարդկանց առջև ենք անում, բայց հարցն այն է, թե ինչպես ենք վարվում մեր ծածուկ կյանքում: Տա՛ Աստված, որ երբ կանգնենք դատաստանի առջև, մեր ծածուկ գործերն ավելի փառավոր լինեն, քան հայտնիները:

Քննի’ր քո ծածուկ գործերը, մաքրվի’ր և սրբվի’ր: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: