Աստված պատվիրում է, որ ծառաներն իրենց տերերին կատարյալ հավատարմությամբ ծառայեն, չչարախոսեն, հնազանդ լինեն: Հավատարմությունն օրհնության դուռը բացող բանալիներից է: Որտեղ էլ աշխատեք կամ ծառայեք, հավատարի՛մ եղեք ձեր ղեկավարներին:

Մի ժամանակ, երբ  մարդիկ ընդունվում էին աշխատանքի, տասնյակ տարիներ նույն հիմնարկությունում հավատարիմ աշխատում էին, իսկ այսօր ամեն ինչ փոխվել է: Շատերը մեկ ամիս էլ չեն կարողանում աշխատել միևնույն տեղում, մատների արանքով են նայում իրենց աշխատանքին, այն դեպքում, երբ այսօր աշխատանք գտնելը շատ դժվար է:

Սիրելինե’ր, եթե լավ չեք աշխատում, անընդհատ տրտնջում ու դժգոհում եք, ձեր գործն էլ օրհնված չի լինի:

Երբեք մի՛ չարախոսեք ձեր ղեկավարներին, որոնց շնորհիվ այսօր ապահովված եք աշխատանքով և գումար եք վաստակում: Մի՛ հաշվեք նրանց փողերը: Հավատարի’մ աշխատեք և օրհնված կլինեք:

Միգուցե ձեր աշխատանքն ավելի թանկ եք գնահատում, քան վարձատրվում եք, սակայն դա չպետք է առիթ հանդիսանա, որ ձեզ վստահված գործն անհավատարմությամբ կատարեք: Եթե ձեզ ամեն ամիս հավատարմությամբ աշխատավարձ են տալիս, դուք էլ նույն հավատարմությամբ աշխատեք: Ի վերջո, դուք եք ընտրել ձեր աշխատանքը. ձեզ ոչ ոք չի պարտադրել: Իսկ եթե չեք ցանկանում աշխատել, ավելի լավ է ձեր տեղը զիջեք նրան, ով ուրախությամբ և հավատարմությամբ կաշխատի:

Գրված է. “Բան չթաքցնեն, այլ կատարյալ բարի հավատարմություն ցույց տան, որ մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը զարդարեն ամեն բաների մեջ”:

Հավատարի՛մ եղեք, որ Աստծո անունն ամենուրեք փառավորվի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***

Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: