DAILY DEVOTION-am-1200-600

Հետաքրքիր է կարդալ Աստվածաշնչի նահապետների` Աբրահամի, Իսահակի,  Հակոբի, Մովսեսի մասին, ովքեր իրենց կյանքի մեծ մասն անցկացրին անապատում: Մի անգամ մտածում էի՝ ինչպե՞ս կվարվեի, եթե հայտնվեի նրանց իրավիճակներում: Օրինակ՝ եթե ապրեի Մովսեսի օրերում  և 40 տարի անցնեի անապատով, արդյո՞ք չէիր տրտնջա Իսրայելի ժողովրդի նման, արդյո՞ք կհասնեի Խոստացված երկիր, թե՞ մահացած կընկնեի անապատում:

Վերջերս մեծ խմբով մեկնել էինք Իսրայել: Այդ հրաշալի շրջագայությունը մեզ հնարավորություն տվեց շոշափել Ավետարանի պատմությունը, քայլել Հիսուսի և առաքյալների հետքերով: Մեկ օր նույնիսկ հյուրընկալվեցինք անապատի բնակիչների` բեդվինների մոտ` գիշերն անցկացնելով բաց երկնքի տակ:

Ես զգացի, որ անապատում չկա ոչ մի հույս կամ մխիթարություն, որից կառչելով՝ մարդը կարող է 40 տարի ապրել այնտեղ: Սակայն երբ սկսեցինք աղոթել, Աստծո ներկայությունը պարուրեց մեզ: Անապատը հանկարծ դրախտի վերածվեց մեզ համար, և ես հասկացա, որ Նրա ներկայության մեջ ոչ թե 40, այլ 80 տարի էլ կապրեի:

Նայելով երկնքին, փայլող աստղերին՝ մենք տեսնում էինք Տիրոջ փառքը: Ահա թե ինչու էին հավատքի նահապետները նայում աստղերին. սարսափելի էր հայացքդ կտրել երկնքից և քո առջև կրկին տեսնել անվերջանալի թվացող անապատը:

Սիրելինե’ր, մենք հեռու չենք այդ անապատից. աշխարհը մի մեծ անապատ է, որտեղ առանց Աստծո շատ դժվար է ապրել: Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ և անապատից երկինք տանող ճանապարհ պատրաստեց մեզ համար: Ինչպես Մովսեսի օրերում Աստված առաջնորդում էր Իսրայելի ժողովրդին` ցերեկը ամպով, իսկ գիշերը` կրակի լույսով, այնպես էլ այսօր Նա առաջնորդում է մեզ:

Աղոթե’ք և խնդրե’ք Աստծո ներկայությունը: Նրա ներկայության մեջ ձեր կյանքը դրախտի կվերածվի, և դուք երջանիկ կլինեք: Ձեր հայացքը երբեք մի’ կտրեք երկնքից, այլապես այս աշխարհի իրականությունը կվախեցնի և կտրտմեցնի ձեզ: Դժվար պահերին տրտնջալու փոխարեն հավատացե°ք Աստծուն և խնդրե°ք Նրա առաջնորդությունը:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: