«Չափավոր» Անառակություն

 

Զարմանալի վերնագիր է, չէ՞: Բայց շատ մարդիկ հենց այդպես էլ արտահայտվում են:

Աստծո Խոսքն ասում է, որ ծաղրող է գինին, խռովարար՝ ցքին, և նա, ով դրանցով մոլորվի, իմաստուն չի լինի (Առակ. 20.1)։

Մարդկության պատմությունը Նոյի ժամանակներից ի վեր (Ծննդ. 9. 21) հաստատում է, որ գինու և ցքիի հանդեպ հակումը նենգավոր մեղք է: Ցավոք, զոհերը չափազանց ուշ են հասկանում, որ խմիչքը ծաղրել է իրենց և շեղել ճիշտ ճանապարհից:

Օրինակ՝ մենք միշտ նշում ենք Ղովտի դուստրերի սարսափելի արարքը: Բայց հարց է ծագում՝ ի՞նչ աստիճանի հարբած էր Ղովտը, որ չզգաց, թե ինչպես դուստրերը վարվեցին իր հետ: Ինչպե՞ս նա իրեն թույլ տվեց այդպես թուլանալ:

Ալկոհոլը ստորացնում ու խայտառակում է մարդուն: Միտքը պարտվում է մարմնի ցանկությանը և կրքին: Իրականում ալկոհոլով տարվելը ողջամտություն չէ: Նոյի և Ղովտի օրինակները գրված են ոչ թե այն բանի համար, որ մենք ծիծաղենք Աստծո մարդկանց վրա, այլ՝ սուրբերին զգուշացնենք:

Եփեսացիների 5.17-ում ասվում է՝ մի հարբեք գինով, որի մեջ անառակություն կա, այլ՝ Սուրբ Հոգով լցվեք: Ոմանք ասում են՝ «ես չափավոր եմ խմում, չեմ հարբում»: Նախ՝ ոչ մի հարբեցող միանգամից չի դարձել այդպիսին, այլ սկսել է «չափավորից»: Եվ հետո, անառակության «չափավորը» ո՞րն է: Չէ՞ որ աղբը մնում է աղբ՝ լինի 1 տոննա, թե՝ 1 գրամ: Խնդիրը ոչ թե քանակի, այլ բնույթի մեջ է:

Սիրելի՛ քրիստոնյա, մի՛ «մոդեռնացվիր», այսինքն՝ ինչպես Աստծո Խոսքն է ասում, մի՛ նմանվիր այս աշխարհին (Հռոմ.12.1,2): Հեռո՛ւ մնա ալկոհոլ կոչվող չարիքից և օրհնվա՛ծ եղիր:

Էդուարդ Մխիթարյան (տարածքային հովիվ)

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: