Երեկ խոսեցինք այն մասին, որ «եկեղեցի» նշանակում է մարդկանց հավաքույթ: Եկեղեցում մարդիկ հավաքվում են Քրիստոսի անունով և նրանց հավաքվելու նպատակն ու խոսակցության թեման Քրիստոսն է: Նա ասաց. «…ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ»: Նշանակում է՝ երբ մենք գնում ենք եկեղեցի, Աստծո ներկայությունն այնտեղ է:

Այսօրվա խոսքը մեզ կոչ է անում, որ իրար հետ հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանց սովորությունն է: 

Ի՞նչ է նշանակում սովորություն: Երբ մարդը եկեղեցական հավաքույթները մի քանի անգամ բաց է թողնում, դա սովորություն է դառնում, և նա շուտով դադարում է եկեղեցի գնալուց: Աստծո Խոսքը հանդիմանում է այդպիսի սովորության տեր մարդկանց և հավատացյալներին խորհուրդ է տալիս հորդորել միմյանց, որպեսզի չհեռանան եկեղեցուց:

Ցավոք սրտի, ես շատերին եմ ճանաչում, ովքեր մի ժամանակ եկեղեցի էին հաճախում, իսկ այսօր` ոչ: Երբ հարցնում ես, թե ինչն է պատճառը, ոմանք  պատասխան չեն գտնում, ոմանք էլ փորձում են արդարանալ և ասում են. «Զբաղված եմ, երբ ազատ լինեմ, կգամ»:  Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նրանց կինո կամ թատրոն ես հրավիրում, իսկ նրանք ստիպված են հրաժարվել, որովհետև ավելի կարևոր գործեր ունեն: Բայց չէ՞ որ եկեղեցի գնալ-չգնալը կյանքի և մահվան հարց է. երբ մարդը չի շփվում Տիրոջ հետ, հոգեպես մեռնում է:

Հիշեք, թե ինչպես Ադամը Եդեմի պարտեզում կորցրեց Տիրոջ հետ շփումը, սկսեց խոսել սատանայի հետ և խաբվեց: Այդ պահից սկսվեցին Ադամի բոլոր դժբախտությունները: Ես չեմ հավատում, որ մարդը, գնալով եկեղեցի, ապրելով Տիրոջ խոսքի և աղոթքի մեջ, կարող է շեղվել ճիշտ ճանապարհից և դժոխք գնալ:

Ուրեմն, մի՛ հեռացեք եկեղեցուց, մնացե՛ք Տիրոջ ներկայության մեջ և հիշե՛ք` որտեղ երկուսը կամ երեքը հավաքվում են Տիրոջ անունով, Նա այնտեղ է:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: