DAILY DEVOTION-am-1200-600

«…Ընթացքը վազողներինը չէ. և ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, և ոչ էլ հացը՝ իմաստուններինը, և ոչ էլ հարստությունը՝ հասկացողներինը, և ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը…»: Կարդալով այս խոսքերը՝ մտածում ես. «Իսկ ում է պատականում այս ամենը»: Աստվածաշունչն ասում է, որ բոլորին ժամանակ և դիպված է պատահում:

Այն օրերին, երբ Սողոմոնը գրում էր այս խոսքերը, զինվորները, մարզիկները, իմաստուններն ու հարուստները ամենափառավոր մարդիկ էին: Սակայն թե՛ քաջ զինվորի, թե՛ մարզիկի, թե՛ հարուստի, թե՛ գիտունի վախճանը նույնն է՝ գերեզմանը,  որտեղ հանգչում են բոլորի մարմինները:

Սողոմոնի խոսքերը մեզ իմաստություն և գիտություն են տալիս՝ հասկանալու, որ այն ամենը, ինչ արեգակի տակ տեսնում ենք, մեր չէ, այլ՝ Տիրոջինը: Մենք, իհարկե, վազում ենք, բայց հաջողությունը Տիրոջից է, նույնն էլ հաղթանակը, իմաստությունը և հարստությունը:

Ուրեմն, եթե վազում ենք, Տիրոջ համար վազենք, և եթե պատերազմում ենք, Տիրոջ համար պատերազմենք՝ չմոռանալով, որ մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ՝ հոգևոր ուժերի, և եթե իմաստություն կամ հարստություն ունենք, դարձյալ Տիրոջ համար օգտագործենք:

Սիրելինե՛ր, եթե այս կյանքում ինչ-որ բանի հասել եք, ողջ փառքը տվեք Տիրոջը, և Տերը ձեզ կփառավորի: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: