«Դատավո՞ր ես, թե՞ ընկեր». Լեոնիդ  Մալկո
«Նայի՛ր մեղավորին որպես մի մարդու, ում Հիսուսը սիրում է ճիշտ այնպես, ինչպես քեզ». այս մասին փետրվարի 27-ի և 28-ի եկեղեցական ծառայություններին քարոզեց Լոս Անջելեսի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Լեոնիդ Մալկոն:

Հիսուսը հեռավորություն չէր պահում մեղավոր մարդկանցից: Նա նրանց հետ շփվում էր և փրկության բերում: Տերն ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին, և Նա մեզ համար մեծագույն օրինակ է: Մենք նույնպես պետք է լավ հարաբերություններ պահպանենք աշխարհիկ մարդկանց հետ, բայց ոչ թե իրենց կյանքով ապրելու, այլ Քրիստոսի բնավորությունը ցույց տալու և փրկելու  համար:

«Ո՞վ ես դու մեղավոր մարդու համար, դատավո՞ր, թե՞ ընկեր, ով կլսի նրան, կողքին կլինի և Աստծո սերը ցույց կտա»,- ասաց հովիվը: 
Հովիվ Մալկոն ներկայացրեց Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխի 3 առակները: Առաջին առակում ներկայացված է Քրիստոսի բնավորությունը: Բարի հովիվը թույլ չի տա, որ իր հոտի գառներից մեկը կորչի: Նա անպայման կփնտրի ու կվերադարձնի նրան: 
Երկրորդ առակում ներկայացված է Սուրբ Հոգու աշխատանքը մեր անձերում: Աստծո Հոգին մաքրում է մեր անձը և գտնում կորած տաղանդները, գանձերն ու ծառայությունները: 
Երրորդ առակը պատկերում է Հայր Աստծո սիրտը, Նա անկախ Իր զավակների գործած մեղքերից, սպասում է նրանց վերադարձին:
Լեոնիդ Մալկոն կոչ արեց անտարբեր չլինել նաև նրանց նկատմամբ, ովքեր հեռացել են եկեղեցուց և Աստծուց. «Որպես քրիստոնյա՝ դու պետք է ունենաս բարի հովվի բնավորությունը և Հոր սիրտը, որպեսզի Քրիստոսի համար շահես քո մոլորված եղբայրների, քույրերի սրտերը և կարողանաս առանց դատապարտության ընդունել ու սիրել նրանց»:
Քարոզչի խոսքով՝ քրիստոնյան կարող է կորցնել իր պաշտպանությունը, եթե լքի իր ընտանիքը, եկեղեցին և ծառայությունը: Մարդիկ լքում են այս երեք վայրերը, երբ իրենց սրտերում ըմբոստություն է լինում:
«Բաց մի՛ թողեք հավաքույթները, քանի որ միաբանության մեջ զորություն կա: Ձեր սրտերը ուղիղ պահեք, մի՛ եղեք ավագ եղբոր պես և մասնակի՛ց եղեք այն աշխատանքին, որը Սուրբ Հոգին է կատարում ձեր ներսում: Աստված հավասարապես սիրում է բոլորին և օրհնություն ու ժառանգություն ունի ամեն զավակի համար»,- եզրափակեց  հովիվ Մալկոն:
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: