Դավթի սաղմոսի այս հիանալի խոսքերը մեզ օգնում են հասկանալու, թե ինչպես կարող ենք ուղղել մեր ճանապարհները և այլևս չսխալվել:

Հավատացած եմ, որ չկա մի մարդ, ով չցանկանա ապրել առանց սխալների: Բոլորս էլ կցանկանայինք մեր կյանքը մի քանի տարով ետ պտտել և չանել այն սխալները, որոնք մեզ համար ճակատագրական են եղել:

Դավիթ թագավորը հասկացել էր, որ մարդը, խոնարհվելով և Աստծո Խոսքը պահելով, ապահով կլինի սխալներից:

Հպարտ մարդիկ ավելի շատ լսում են իրենց ես-ին, քան Տիրոջը: Այդ պատճառով էլ սխալվում են: Հիսուս Քրիստոսն ասում էր. «…Իմ անձից ոչինչ չեմ անում, այլ ինչպես Իմ Հայրը սովորեցրեց Ինձ, այն եմ խոսում» (Հովհ. 8.28):

Ես 20 տարեկան էի, երբ ընդունեցի Տիրոջը, բայց միայն 21-22 տարեկանում լիովին նվիրվեցի Նրան: Մինչ այդ շատ սխալներ էի գործում, բայց երբ  խոնարհվեցի, կյանքս փոխվեց: Հիշում եմ, որ երբ նշում էի 40 ամյակս, նայեցի ետ` Աստծո հետ իմ ապրած տարիներին, և հասկացա, որ եթե կյանքիս անիվը ետ պտտվեր, ես դարձյալ կապրեի այնպես, ինչպես ապրել եմ և կանեի այն, ինչ արել եմ. ես չեմ ափսոսում իմ ապրած տարիների համար:

Սիրելինե’ր, եթե խոնարհվենք և պահենք Տիրոջ Խոսքը, սխալներ չենք գործի, և Տիրոջ փառքը մեզ վրա կլինի: Ամենաերջանիկ մարդը նա է, ով չի սխալվում: Եկեք այնպես ապրենք, որ հետո չափսոսանք մեր ապրած կյանքի համար:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: