Մայիսի 6-ի երիտասարդական ծառայությանը Աստծո Խոսքով մեզ հետ կիսվեց հովիվ Սերգեյ Զուևը: Նրա պատգամն Աստծո սերը ճանաչելու, ընկալելու և դրան համապատասխան ապրելու մասին էր:

«Որ ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է. որ Աստծո ամեն լիությունով լցվեք» (Եփես. 3.19):

Օրինակ բերելով անառակ որդու մասին առակը՝ հովիվ Զուևն ասաց, որ փոքր եղբայրն, ի վերջո, գիտակցեց Տիրոջ սերը, բայց թեև գործել էր սարսափելի մեղքեր, նա կարողացավ վերականգնվել: Որքան էլ ծանր մեղքեր գործած լինենք, մենք պետք է գանք Տիրոջ առջև, ապաշխարենք և ընդունենք Նրա սերը: Մեր Հայրը սիրում է մեզ, Նա Քրիստոսի խաչի շնորհիվ կների և կվերականգնի մեզ:

Նույնը, սակայն, չենք կարող ասել մեծ եղբոր մասին, ով ամբողջ ընթացքում՝ ապրելով Հոր տանը՝ Նրա կողքին, չէր հասցրել ճանաչել Նրա սերը: Հովվի խոսքով՝ այսօր էլ շատ քիստոնյաներ մեծ եղբոր պես չունեն Տիրոջ սիրո հայտնությունը, հետևաբար, Տիրոջ տան մեջ գտնվելով ոչ միայն չեն կարողանում օգտվել իրենց ժառանգությունից, այլև նախանձում են «փոքրերին»:

Տիրոջ խոսքը փաստում է, որ մենք ծառայության հոգի չենք առել դարձյալ վախենալու համար, այլ՝ որդեգրության հոգի, որով էլ հանգիստ կարող ենք Տիրոջն անվանել Աբբա Հայր (տե՛ս Հռոմ. 8.15): Պետք չէ վախենալ կամ հուսալքվել: Մենք Տիրոջ զավակներն ենք, իսկ մեր Հայրն արդեն իսկ շնորհել է մեզ օրինավոր կյանքի և աստվածապաշտության համար անհրաժեշտը: Մնում է միայն հավատքով ընդունել մեր ժառանգությունը:

Հովիվը հորդորեց՝ Տիրոջից խնդրել Նրա սիրո հայտնությունը, որովհետև միայն Քրիստոսի սերը սրտով ընկալելու դեպքում կկարողանանք ոչ միայն սիրել մարդկանց, այլև լցվել Աստծո ամեն լիությունով: Հոր սերը ճանաչելու համար մենք պետք է փնտրենք Նրան, որից հետո մեր կյանքը հիմնովին կփոխվի:

«Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք այն սերը, որ Աստված ունի մեզ համար. Աստված սեր է, և ով որ մնում է սիրո մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրանում» (Ա Հովհ. 4.16):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: