Չնայած որ ավարտին է մոտենում մեր կոնֆերանսը, այնուամենայնիվ, անակնկալներն ստիպում են կանանց` զգալ իրենց` «…ինչպես Երկնքում»:

Կոնֆերանսի երրորդ օրը` մարտի 7-ը, յուրահատուկ էր, քանի որ կանայք և աղջիկները կրում էին ճերմակ հագուստներ` երկնքի և երկրի առջև վկայության համար այն բանի, որ իրենք Քրիստոսի դուստրերն են:

Աստծո Խոսքով կանանց հետ կիսվեցին Ռիտա Ավետիսյանը, Օլգա Դերյոմովան և Եվա Մուբերգը:

Կոնֆերանսի առաջին խոսնակ հովիվ Ռիտայի խոսքն այն մասին էր, որ Հիսուսի հետ ընդամենը մեկ հանդիպումը կարող է արմատապես փոխել մեր կյանքը: Հենց այդպես էլ եղավ Մարիամ Մագդաղենացու հետ, ում միջից Հիսուսը յոթ  դև հանեց:

Կարևորելով Հիսուսի հանդեպ սերը` հովիվ Ռիտան նշեց նաև, որ Հիսուսը առաջինը հայտնվում է Իրեն սիրողներին, և պատահական չէ, որ հենց Մարիամ Մագդաղենացին առաջինը տեսավ դատարկ գերեզմանն ու հարյալ Քրիստոսին: Այդ կնոջ մեջ կար անսահման սեր Քրիստոսի հանդեպ, Աստծո Խոսքը բնակվում էր Մարիամի սրտում:

Հովիվ Ռիտան կոչ արեց` ոչ մի դժվարության ժամանակ էլ չընկճվել, որովհետև, եթե մեր սրտերում կա Նրա Խոսքը և Նրա հանդեպ սերը, ապա մենք ունենք զորություն` հաղթանակով դուրս գալու ցանկացած իրավիճակից:

Օլգա Դերյոմովան, համեմատելով աստվածաշնչյան կերպարներից Սառային և Հագարին, կոչ արեց կանանց` չտրվել ստրկական մտածելակերպին: Փախուստը չի ազատում կնոջը խնդիրներից: Սակայն, նայելով Աստծո Խոսքին, կինը կկարողանա «ստրկուհուց` Հագարից, վերածվել Տիրուհու` Սառայի»:

Եվա Մուբերգը խոսեց աղոթքի կյանքի մասին` կոչ անելով կանանց` միշտ հավատալ աղոթքին պատասխան տվող Աստծուն: «Եթե դու դադարես հավատալ, դու կդադարես աղոթել»,- նշեց նա: Աստված բարի է, և Նրա ողորմությունը հավիտյան է: Նա միշտ պատրաստ է խոսել մեզ հետ, եթե միայն շրջվենք դեպի Նա:

Ծառայությանը հաջորդեց երկար ընդմիջումը, որն ուսուցողական էր մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայրերի համար: Հովիվ Լուսինե Սիմոնյանը սեմինար անցկացրեց նրանց հետ` խոսելով այդ տարիքի երեխաների դաստիարակության նրբություններից:

Մարտի 7-ին ունեցանք նաև եկեղեցական մեծ ծառայություն, որին կարող էին մասնակցել նաև տղամարդիկ: Այս անգամ էլ բոլորիս անակնկալներ էին սպասվում. հանրահռչակ քրիստոնյա երգիչ Արվիդ Պետերսենը իր փառաբանության խմբով կատարեց երկու հրաշալի երգ, որից հետո կրկին մեզ ծառայեց Օլգա Դերյոմովան:

Նրա պատգամը, համեմված սեփական կյանքի վկայությամբ, արթնության և Աստծո հանդեպ նոր փափագի մասին էր: Պատմելով դրվագներ իր կյանքից` նա նշեց, որ Աստված կարող է շատ կարճ ժամանակամիջոցում բարձրացնել մի հզոր սերունդ, նույնիսկ` ամենաանտեսված ու «շարքից դուրս եկած» մարդկանցից:

Օրինակ բերելով Եղիային` նա նշեց, որ արթնության բանալին աղոթքն է: «Եթե դու «անձրև» ես ուզում, կարգավորի՛ր աղոթքիդ կյանքը և կտեսնես այն մեծ հրաշքները, որոնք Տերը կանի քո երկրում, քո քաղաքում»,- իր խոսքում նշեց Օլգա Դերյոմովան: Երբ հանգամանքների բերումով կորցնում ենք նախկին սերն ու ձգտումը Աստծո հանդեպ, մեր աղոթքով Տերը տալիս է մեզ նոր շունչ, նոր փափագ և թարմություն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: