Վախը հարձակվում է մարդկանց վրա: Դա հիվանդության նման է, որ մեզ տանջում ու չարչարում է: Ինչպես բուժվում ենք հիվանդություններից, այնպես էլ պետք է բուժվենք, ավելի ճիշտ, ազատագրվենք զարհուրանքից ու վախից:

Ոմանք վախենում են ապագայից, ոմանք՝ աղքատությունից: Նույնիսկ հարուստներն են տանջվում այն մտքից, որ կարող են աղքատանալ:

Վերջերս զրուցում էի մի աղջկա հետ, ով մոտավորապես 30 տարեկան էր և վախենում էր այն մտքից, որ չի ամուսնանա և ամբողջ կյանքում միայնակ կմնա:

Իհարկե, ապագայի մասին մտահոգվելը բնական է, բայց չպետք է վախին տեղ տանք: Վախը մեզ կաշկանդում է, պատնեշներ կառուցում մեր շուրջը և թույլ չի տալիս, որ ազատ ապրենք և շփվենք մարդկանց հետ:

Աստծո Խոսքը մեզ կօգնի՝ ազատագրվելու ամեն տեսակի վախից: Կարդալով Աստվածաշունչը և հասկանալով, թե Աստված ինչ խոստումներ ունի մեզ համար, մենք կլցվենք հավատքով և դրական սպասումներով:

Տեսեք, թե ինչ է գրված. “Դու չես վախենա գիշերի զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը”: Ո՞ւմ են պատկանում այս խոսքերը: Կարդալով 91-րդ սաղմոսը՝ հասկանում ես, որ այս խոստումը վերաբերում է նրանց, ովքեր բնակվում են Բարձրյալի ծածկոցի տակ:

Սիրելինե’ր, այսօրվա իմ կոչն է, որ բնակվենք Բարձրյալի ծածկոցի տակ: Մնացե’ք Աստծո Խոսքի և աղոթքի մեջ: Այդ ժամանակ ոչ մի վախ ձեզ չի տանջի:

Ես ճանաչում եմ բազմաթիվ մարդկանց, ովքեր, վստահելով Աստծո Խոսքին, ազատագրվել են միայնակության վախից և հիանալի կյանք սկսել: Ճանաչում եմ նաև այնպիսի մարդկանց, ովքեր նախկինում աղքատ են եղել, բայց հետո հարստացել են:

Այնպես որ, լցվե’ք հավատքով, ապավինե’ք Տիրոջը: Վախը սատանայից է. նա է ահ ու սարսափ ներշնչող մտքերի հեղինակը:

Շատ կարդացե’ք Աստվածաշունչը և հավատացե’ք, որ Տիրոջ զորությունը միշտ ձեզ հետ կլինի, և վախենալու պատճառ չեք ունենա:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: