Ամենուր ծաղիկներ, ուրախությունից փայլող դեմքեր, երջանիկ կանայք… և այս ամենը մեր կոնֆերանսում:

Մարտի 6-ի կանանց կոնֆերանսի առաջին խոսնակը Լարիսա Մուսայելյանն էր,  ով խոսեց Աստծո պարգևած ուրախությունն ու խաղաղությունը պահելու մասին: Մենք պետք է գիտակցենք` չնայած դժվարություններին ու փորձություններին, Աստված մեզ հաղթանակ է շնորհել, այլ ոչ թե պարտություն: Միայն Աստված կարող է պաշտպանել մեզ ցավից ու տառապանքից: Մենք պետք է վստահենք Նրան և թույլ տանք, որ վերականգնի այն ուրախությունը, որը շնորհել է մեզ:

Կոնֆերանսի հաջորդ ծառայությունն անցկացրեց Իրինա Բեկչյանը: Նա խոսեց կնոջ ներքին գեղեցկության և Աստծո հետ շփման կարևորության մասին. երբ գեղեցիկ է հոգիդ, գեղեցկանում է նաև արտաքինդ: Իսկ հոգիդ գեղեցկանում է` Աստծո հետ շփման արդյունքում:
Խոսելով կնոջ իմաստության մասին՝ Իրինա Բեկչյանը նշեց, որ այն մեզ կարող է պարգևել միայն Աստված: Նրա իմաստությամբ կկարողանանք մեր կողքին բարձրացնել հավատքի  իսկական հերոսներ:

Անակնկալներից և երաժշտական գեղեցիկ համարներից հետո ներկաներին իր խոսքով ծառայեց Օլգա Դերյոմովան: Նրա պատգամը կնոջ կոչման՝ մայրության և, առավելապես, հոգևոր մայրության մասին էր: Սատանան ամեն գնով փորձում է այդ կոչումը խլել  կանանցից: Օրինակ բերելով աստվածաշնչյան հերոսներից Աննային՝ Օլգա Դերյոմովան կանանց կոչ արեց` աղոթքով պայքարել իրենց կոչման համար այնպես, ինպես Աննան էր պայքարում: Յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, ով կկարողանա վերականգնել ոչ միայն իր ընտանիքի «ավերակները», այլև՝ ուրիշների:

Կոնֆերանսի ավարտին իր պատգամով կիսվեց Եվա Մուբերգը: Նրա խոսքով՝ կինն ստեղծված է` երեխաներ լույս աշխարհ բերելու համար: Երբ կանայք հեռացնում են երեխաներին, նրանք անհնազանդ են լինում Աստծո կամքին: Ամենակարող Աստված օրհնում է Իր դուստրերին, երբ նրանք Իր կամքի մեջ են լինում: Եթե կինը սխալվել և հեռացրել է զավակին, Տերն այսօր ուզում է վերականգնել նրան: Նա ուզում է, որ կինը պտղաբեր լինի և՛ ֆիզիկական կյանքում, և՛ հոգևոր: Նրա Խոսքը կուղղորդի ու կառաջնորդի կանանց` ցանկացած դժվարության և տկարության ժամանակ: 

Կոնֆերանսն անցնում է մեծ շուքով: Կանանց սպասվում են հիանալի անակնկալներ և Աստծո Խոսքով լեցուն ժամանակ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: