DAILY DEVOTION-am-1200-600

Պողոս առաքյալը հավատացյալներին հորդորում է` թողնելու հին ապրելակերպը և դառնալու նոր մարդ:

Լինել քրիստոնյա՝ նշանակում է ամեն օր խաչել հին մարդու սովորությունները, ցանկությունները և նմանվել Քրիստոսին: Դրա համար շատ կարևոր է մտքով նորոգվել և հետևել ճշմարտությանը, արդարությանը, սրբությանը:

Մեր միտքը նորոգվում է, երբ Աստվածաշունչ ենք կարդում: Մեր հին մտածելակերպը, սովորություններն ու ցանկությունները ապականված են և Աստծո ճշմարտությունից հեռացած: 

Օրինակ՝ երբ կինը շնություն է անում, դա անբարոյականություն է համարվում, բայց երբ տղամարդն է շնություն անում, շատերը դա բնական երևույթ են համարում: Պատճառը հին մարդու ապականված մտածելակերպն է. նորոգված մտածելակերպ ունեցող մարդը գիտի, որ շնությունը անբարոյականություն է թե՛ կնոջ, թե՛ տղամարդու համար, որովհետև «Մի՛ շնացիր» պատվիրանը հավասարապես վերաբերում է թե՛ կնոջը, թե՛ տղամարդուն: 

Մեղքն անբաժան է հին մարդուց, որովհետև արմատացած է նրա մտածելակերպի և ապրելակերպի մեջ: Կան մեղքեր, որ ժամանակի ընթացքում նույնիսկ իրենց տեղն են գտնում մշակութային ավանդույթներում: Օրինակ` մի ժամանակ նույնիսկ ամոթ էր արտասանել «համասեռամոլություն» բառը, բայց այսօր այդ երևույթը որոշ մշակույթներում ընդունելի է դարձել:

Սիրելինե՛ր, մեր ընտանիքներում և կյանքի մյուս բնագավառներում պետք է տիրի ոչ թե մեղքի, այլ սրբության, արդարության, սիրո և բարության մշակույթը:

Աստվածաշնչում գրված է. «Ինչպես ցերեկվա մեջ` պարկեշտությամբ ման գանք. ոչ թե անառակություններով և արբեցություններով և խառն անկողիններով և պղծություններով, ոչ հակառակությունով և ոչ նախանձով: Բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք և մարմնի համար խնամք մի՛ տարեք դեպի ցանկություն» (Հռոմ. 13.13):

Հին և նոր մարդուն բաժանում է ապաշխարությունը: Երբ մենք ապաշխարում ենք և Հիսուս Քրիստոսին ընդունում որպես Տեր ու Փրկիչ, մեր կյանքում սկսվում է նոր ընթացք, որի նպատակն է Քրիստոսին նմանվելը, մեր փրկության և կոչման մեջ հաստատվելը: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: