Հունիսի 23-ին տեղի ունեցավ Էդուարդ Պետրոսյանի հիշատակի արարողությունը:

Հալեպում նահատակվել էր «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովվի օգնական, միսիոներ Էդուարդ Պետրոսյանը, ով պատերազմի մեջ գտնվող երկիր էր մեկնել միսիոներության:

Էդուարդ Պետրոսյանը, անտեսելով բոլոր վտանգները, մեկնել էր Սիրիա՝ այնտեղ մարդկանց օժանդակելու, թե հոգևոր, թե ֆիզիկական օգնություն ցուցաբերելու և Աստծո փրկության խոսքը տարածելու համար:

Լինելով եկեղեցու միսիոներական ծառայության առաջնորդ՝ Էդուարդը միշտ էլ ձգտել է հասնել իսլամական աշխարհին: Սակայն նրա միսիան դրանով չէր սահմանափակվում. այստեղ՝ Հայաստանում, նա ծառայություն էր իրականացնում բանտերում՝ Ավետարանը տարածելով բանտարկյալներին, նրանց երեխաների համար ճամբարներ կազմակերպելով, ինչպես նաև՝ ծառայում էր թմրամոլներին ու ալկոհոլային կախվածության մեջ հայտնված մարդկանց՝ փորձելով ետ պահել նրանց մահվան ճանապարհներից: Այս ամենը և ոչ միայն այս ծառայությունները նա անում էր՝ լցված աստվածային սիրով:

54Հիշատակի արարողությանը ներկա էին ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ: Եկել էին նրա ընկերները, ծանոթները, հարազատները, անգամ մարդիկ, ովքեր երբևէ շփվելու առիթ չեն ունեցել Էդուարդ Պետրոսյանի հետ, բայց միշտ էլ տեսել ու օրհնված են եղել նրա ծառայությամբ:

Ներկաներից շատերը կիսվեցին իրենց սրտի խոսքով, Էդիկի հետ կապված հիշողություններով, ինչպես նաև՝ իրենց մխիթարանքի խոսքն ուղղեցին թե ընտանիքի անդամներին, թե բոլոր ներկաներին:

Բարի, ուրախ, նվիրված, անվախ, հավատարիմ, մեծ սիրով լցված, միշտ դիմացինի համար անհանգստացող ու օգնության ձեռք մեկնող. ահա այսպես էին հիշում ընկերները Էդուարդ Պետրոսյանին, կամ, ինչպես իրենք էին անվանում, Էդիկին:

Երևանի «Կյանքի Խոսք» եկեղեցու առաջին հովիվ, միսիոներ Լեոնիդ Մալկոն, ով Էդիկին ճանաչել և ծառայակից ընկեր է եղել երկար տարիներ, այսպես արտահայտվեց.

8752«Էդիկը բոլորիցս շուտ բարձրացավ Աստծո սարը, իհարկե, մեզ համար հիմա շատ դժվար է նրա կորուստն ու ցավալի, բայց Աստծո մեջ կա հույս և այն չի մահանում, մենք ունենք հույս, և սա ընդամենը շատ կարճ ժամանակով բաժանում է: Մենք դեռ կհանդիպենք Էդիկին»:

«Այսօր շատ քրիստոնյաներ հետևում են Քրիստոսին իրենց պայմաններով, բայց Էդիկը գնաց Հիսուսի հետևից հենց Հիսուսի պայմաններով: Այսօր երկիրն աղքատացավ՝ կորցնելով Էդուարդ Պետրոսյանին, իսկ երկինքը հարստացավ՝ ընդունելով նրան»,- նշեց ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը:

«Բացառիկ բարությամբ, յուրօրինակ համեստությամբ ու քաղցրությամբ ընդգծված մարդ էր Էդուարդը: Նա վեր էր ամեն կրոնական ու եկեղեցական ընկալումներից, իր վարքով ու վերաբերմունքով խտրություն չէր դնում մարդկանց միջև, Աաստվածային սեր ու քաղցրություն էր ցուցաբերում համատարած բոլորի նկատմամբ:

Նա եկեղեցական մարդ չէր, այլ Աստծո Արքայուրթյան մարդ էր և գուցե դրա համար էլ բոլորիցս առաջ ընկավ: Նրա մահը համահունչ էր, իր ապրած կյանքին»,- նման կերպ է դրոշմվել Էդիկ Պետրոսյանը Ավետարանական հավատքի եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի հիշողություններում:

Խոսքով կիսվեց նաև Կյանքի Խոսք եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը, ով լինելով Էդուարդ Պետրոսյանի մտերիմ ընկերը՝ երկար ճանապարհ է անցել նրա հետ: Միասին պայքարել, հալածվել ու մեծ գործեր են արել հանուն Ավետարանի.

«Էդիկը հերոս է, ով անտեսեց վտանգն ու մահը, որպեսզի ծառայի սիրիացիներին: Այն սերմը, որ նա ցանեց, մեծ պտուղ կբերի: Նա մեկն էր, ով կարողանում էր երջանկացնել, միշտ պատրաստ էր, որ իրեն վատ լինի, միայն թե մյուսներին լավ լինի:

Նրա սիրտը միշտ է վառվել մարդկանց ծառայելու, և հատկապես, մուսուլմանական երկրներում Աստծո լույսը տարածելու համար: Եվ այսօր մենք նրան ոչ թե հրաժեշտ ենք տալիս, այլ ասում ենք՝ մինչ նոր հանդիպում, եղբա՛յր»:

32.Էդուարդ Պետրոսյանի ծառայակից ընկերները, որոնցից շատերն այժմ հովիվ-միսիոներներ են տարբեր երկրներում և որոնցից շատերի համար հենց ինքը՝ Էդիկը, եղել է հոգևոր հայր ու առաջնորդ, արցունքները չէին կարողանում զսպել, երբ խոսում էին նրա ծառայության և նրա՝ իրենց կյանքում ունեցած մեծ ներդրման մասին:

Էդիկի լուսավոր կերպարը յուրովի ներկայացրեցին հայաստանաբնակ մի խումբ սիրիացիներ, որոնց մասին հայրաբար հոգ էր տանում ու կրթում հավատքի մեջ Էդուարդ Պետրոսյանը:

Արարողությանը ներկա էր նաև Կարո Մկրտիչյանի՝ Հալեպում Էդուարդ Պետրոսյանի հետ նահատակված քրիստոնյա ծառայողի որդին՝ Հարություն Մկրտիչյանը.

«Թող Սուրբ Հոգու մխիթարությունը լինի մեզ բոլորիս հետ, քանի որ այն հավիտյան է: Ցավալի իրողություն է, բայց սա սուգ չէ, քանի որ մենք գիտենք, որ նրանք այժմ երկնքում են՝ Հիսուսի հետ, սուգն այն կլինի, որ նրանց ծառայությունից և մահից հետո արթնություն չլինի: Մենք պարտք ենք, նրանց թափած արյունը պետք է բերի արթնություն՝ Հիսուս Քրիստոսի անունով»:

56432Ցավակցական նամակներ էին ուղարկել աշխարհի տարբեր երկրներից: Մարդիկ, ովքեր երբևէ առիթ են ունեցել շփվելու Էդիկի հետ, միաձայն փաստում էին՝ Սիրիան նրա մեջ էր, և այժմ էլ ինքն է Սիրիայի մեջ:

Արարողության ավարտին խոսեց նաև Էդուարդի կինը՝ Աստղիկ Պետրոսյանը, ով շնորհակալություն հայտնելով իր կողքին լինելու և մխիթարելու համար՝ նշեց.

«Խնդրում եմ ձեզ, սիրելինե՛րս, եթե անգամ Էդիկ Պետրոսյան անունը մոռանաք, հիշեք այն, ինչ նա սովորեցնում ու ցույց էր տալիս իր կյանքով՝ լինել բարի, սիրել միմյանց, ներել՝ անկախ ամեն ինչից. սա է Աստծուն ծառայելը»:

888888Էդուարդ Պետրոսյանի ողբերգական մահվանն անդրադարձել են նաև Սիրիայի արաբական լրատվամիջոցները: Մասնավորապես Inews-ը գրում է.

«Նա տեղացի չէր և ոչ մի կապ չուներ Սիրիայի հետ, բայց նրա սերն ու հույսը դրդեցին նրան թողնել իր հայրենիքը և մեկնել Հալեպ` գիտակցելով այնտեղի ծանր իրավիճակներն ու պայմանները:

Նա արթնանում էր ամեն առավոտ ժամը 06:00–ին ու սկում իր առաքինի գործը կատարել: Ժամը 07:00–ին սկսում էր այցելել եկեղեցիները և օգնում էր անդամներին թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես»:

Լրատվամիջոցը հիշատակում է նաև այն մասին, որ Էդուարդ Պետրոսյանի վերջին կտակն էր, որ նույնիսկ եթե իրեն մի բան պատահի, թաղվի հենց այդ հողի մեջ:

Վերջում ուզում ենք հիշեցնել նրա իսկ խոսքերը` «Ես գնում եմ ոչ թե այնտեղ, որտեղ հեշտ է և հարմար, այլ այնտեղ, որտեղ կարիք կա»:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: