Աստծո Խոսքի համաձայն՝ Երկնքի արքայությունը ժառանգելու են նրանք, ովքեր ոչ միայն ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ, այլև պահում են Նրա պատվիրանները: Սա շատ կարևոր է իմանալ, որովհետև շատերը կարծում են, թե փրկություն ստանալու համար բավական է միայն ընդունել Հիսուս Քրիստոսին: Բայց չէ՞ որ գրված է. “… դուրսն են շները և կախարդները և պոռնիկները և սպանողները և կռապաշտները և ամեն ստություն սիրողն ու գործողը”:

Ինչպես տեսնում ենք, մեղավորներն Աստծո արքայությունից և հավիտենական կյանքից դուրս են մնում: Մի՞թե այդ նույն մեղքը չէ, որ մարդկանց հեռացնում է եկեղեցուց, Աստծո Խոսքից, աղոթքից:

Սիրելինե°ր, եթե ուզում եք ժառանգել հավիտենական կյանքը և հագնել փառաց պսակը, բա°ց թողեք մեղքը: Այն ուսմունքները, որոնց հիմքում ընկած է “փրկվեցիր մեկ անգամ, փրկվեցիր հավիտյան” գաղափարը, Աստծո Խոսքին չեն համապատասխանում, որովհետև գրված է. “Երանելի են Նրա պատվիրանները պահողները, որ նրանցը կլինի իշխանությունը կյանքի ծառի վրա, և քաղաքի դռնով ներս կմտնեն…”:

Ի՞նչ է կյանքի ծառը: Կարծում եմ՝ դա Եդեմի պարտեզում տնկված կյանքի ծառն է, որի պտղից ուտելով՝ մարդը պետք է հավիտյան ապրեր, սակայն Աստծո խոսքին չհնազանդվելու պատճառով զրկվեց հավիտենական կյանքից: Այժմ այդ ծառը երկնքում է: Երբ մենք Քրիստոսով փրկություն ենք ստանում, մեր հոգիները ճաշակում են այդ ծառի պտղից և հավիտենական երջանիկ կյանք գտնում Քրիստոսի մեջ:

Ուրեմն եկեք սթափվենք և այնպես ապրենք, որ հավիտենական կյանքը ժառանգենք:

Աստված օրհնի ձեզ: Ամե°ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: