Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն:

Մատթեոս 5.8

Հիսուսն Իր աշակերտներին ասաց. “Արդ դուք այսպես աղոթք արեք. Մեր Հայր, որ երկնքում ես, սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը…”: Աշխարհն ունի Աստծո արքայության կարիքը, որն է` ուրախություն, խաղաղություն և արդարություն Սուրբ Հոգով։

Եկեղեցին կանչված է՝ աղոթելու և Աստծո արքայությունը տարածելու այս աշխարհում, բայց մեղքը, ծուլությունը հաճախ խանգարում են Տիրոջ զավակներին: Շատերը եկեղեցի են այցելում միայն կիրակի օրերին, աղոթում միայն այն ժամանակ, երբ իրենց պետք է: Հովիվներն ու ծառայողները թուլությամբ են կատարում Տիրոջ գործը: Շաբաթվա մեջ մի քանի ժամ ծառայում են Աստծուն, իսկ մնացած ժամանակ զբաղվում իրենց գործերով:

Աստվածաշունչն ասում է՝ վայ այն հովիվներին, որոնք Տիրոջ հոտը արածեցնելու փոխարեն իրենց են արածեցնում: Իրենք չեն անում, ուրիշներին էլ թույլ չեն տալիս, որ անեն: Եզեկիել 34.4-ում գրված է. “Տկարներին չուժեղացրիք, և հիվանդին չբժշկեցիք, և դուք կոտրածին չկապեցիք, և մոլորվածին ետ չբերեցիք, և կորածին չորոնեցիք, այլ խստությամբ տիրեցիք նրանց վրա և բռնությամբ”:

Ահա թե ինչու շատերը զրկվեցին Աստծո փառքից, եկեղեցուց վերածվեցին բամբասողների հավաքույթի և նույնիսկ չեն ցանկանում վերականգնել իրենց զորությունը: Աստված մոտենում է նրանց, բայց նրանք Աստծուն չեն տեսնում իրենց մեղքերի պատճառով: Արդեն չեն էլ մտածում Տիրոջ արքայության ու հրաշքների մասին:

Աստծո Խոսքի բացակայությունն ակնհայտ է հավատացյալների կյանքում։ Քննե°ք ձեզ և ձեր երեխաներին, թե որքանով գիտեք Աստծո Խոսքը, աստվածաշնչյան մարգարեներին և առաքյալներին։ Շատերդ Աստծո Խոսքը փոխարինել եք հեռուստացույցով, համակարգչով և այլ հետաքրքրություններով: Թշնամին` սատանան, ձեր աչքի առջևից գողանում է ձեր երեխաներին ու տանում կորստյան ճանապարհով, որովհետև դուք գնացիք ունայնության ետևից։

Կա°նգ առեք և ապաշխարե°ք։ Աղոթե°ք ձեր երեխաների և սերունդների համար, որ նրանց մեջ արթնություն տեսնեք։ Վերադարձե°ք Աստծո Խոսքին և հայտնություններին, որոնք կլուսավորեն ձեր ճանապարհը և կուղղորդեն ձեր քայլերը:

Սիրելինե°ր, ժամանակն է, որ Աստծո Խոսքը, փառաբանությունը, ծոմն ու աղոթքը 24-ժամ թագավորեն Տիրոջ տանը: Աստված մեզ կոչ է անում` արթնանալ քնից և քայլել աստվածային լույսի մեջ, հեռանալ մեղքից, ունայնությունից ու լիովին նվիրվել Իրեն։ Միայն այդ ժամանակ մենք կլցվենք հույսով, հավատքով և սիրով։ Բամբասելու փոխարեն կօրհնենք, քննադատելու փոխարեն կաղոթենք, անիմաստ հաղորդումներ դիտելու փոխարեն կկարդանք Աստծո Խոսքը, և Տերը Իր Եկեղեցին կլցնի փրկվածներով։ Երբ Աստծո Հոգին թափվի Իր ժողովրդի վրա, եկեղեցում չի լինի մեկը, որ չտեսնի և չվերապրի Տիրոջ փառքն ու հրաշքները։

Աստծո ձեռքը չի կարճացել Իր ժողովրդին օրհնելու համար: Պարզապես, մենք պետք է մաքրենք մեր սրտերը, որովհետև ոչ ոք պիղծ սրտով չի կարող տեսնել Աստծուն: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: