DAILY DEVOTION-am-1200-600

Հիսուս Քրիստոսը կյանքի խոսքեր էր խոսում: Ժողովուրդը զարմանում էր Նրա վարդապետության վրա, որովհետև Նա իշխանություն ունեցողի պես էր քարոզում, ոչ թե դպիրների:

Մենք էլ Նրա նման իշխանությամբ և զորությամբ լցվելու կարիք ունենք, որովհետև Նա մեզ պատվիրեց՝ գնալ աշխարհով մեկ և Ավետարանը քարոզել ամեն արարածի:

Մենք պետք է ուշադիր լինենք, որ մեր քարոզները ձանձրալի և անհասկանալի չլինեն լսողների համար: Նույնիսկ եթե քարոզում ենք միայն մեր հարազատներին կամ բարեկամներին, մեզ պետք է հաշիվ տանք, թե ինչպես ենք մատակարարում Աստծո Խոսքը:

Նախքան ինչ-որ մեկին քարոզելը` շատ կարևոր է աղոթել, որ Տերը մեզ ուղարկի և առաջնորդի այնտեղ, որտեղ Աստծո Խոսքի ծարավ կա: Պողոս առաքյալն ասում էր` ինչպես քարոզեմ, եթե չուղարկվեմ: Մեր սրտի մեջ պետք է լինի Տիրոջ վկայության խոսքն ու Նրա  զորությունը, որովհետև գրված է. «…ոչ թե ուժով, այլ Իմ Հոգով,- ասում է Զորաց Տերը»:

Սիրելինե՛ր, սկսեք քարոզել Տիրոջ Հոգով և զորությամբ, որպեսզի մարդիկ լցվեն հավատքով և փրկվեն: Սարսափելի է, երբ նորահավատները գալիս են եկեղեցի և հանդիպում են այնպիսի քարոզիչների, ովքեր իրենց քարոզած Ավետարանին չեն հավատում:

Ավետարան քարոզելը դասախոսություն կարդալ չէ: Սուրբ գիրքն ասում է, որ մեր քարոզչությունը ոչ միայն խոսքով է, այլև զորությունով: Երբ մարդիկ այդ զորությունը չեն տեսնում, հեռանում են Աստծուց և եկեղեցուց` մտածելով, որ այնտեղ ճշմարտություն չկա:

Եկեք ձգտենք նմանվել Քրիստոսին, ճշմարտությամբ ու զորությամբ քարոզենք Ավետարանը: Աղոթենք, որ Աստված մեր ներսում հաստատի Իր Խոսքը և մեզ օգնի՝ զորությամբ քարոզելու փրկության Ավետարանը:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: