Այսօրվա խոսքը դարձյալ աղոթքի մասին է: Եթե նախորդ մի քանի ուղերձները չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ, որովհետև դրանք միմյանց լրացնում են:

Հիսուս Քրիստոսն ասաց, որ երբ աղոթում ես, մտի՛ր քո սենյակը, ծածուկ աղոթի՛ր, և Հայրը քեզ հայտնապես կհատուցի:

Ո՞րն է «ծածուկ աղոթքը»: Մի անգամ ծանոթներիցս մեկը, տեսնելով իր ընկերոջ  գեղեցիկ բլուզը, նրան ասաց. «Ինչ գեղեցիկ է, ես վաղուց այսպիսի բլուզ էի ուզում ունենալ»: Այնուհետև նա բոլորի առջև սկսեց աղոթել. «Տե՛ր Աստված, խնդրում եմ, ինձ էլ այսպիսի բլուզ տուր»: Նրա ընկերը ստիպված իր բլուզը հանեց և նվիրեց նրան: Այդ մարդու աղոթքն ավելի շատ նման էր  ողորմություն խնդրելու, քան աղոթքի:

Սիրելինե՛ր, եթե դուք ինչ-որ բանի կարիք ունեք, մարդկանց մի՛ պատմեք դրա մասին: Մարդիկ չեն կարող լրացնել ձեր բոլոր կարիքները: Առանձնացե՛ք և ծածուկ աղոթե՛ք Աստծուն: Այդ ժամանակ հայտնապես պատասխան կստանաք:

Ես բազմաթիվ դեպքեր եմ հիշում, երբ կնոջս հետ ծածուկ աղոթել ենք ինչ-որ բանի համար, և հայտնապես պատասխան ենք ստացել: Ընդ որում՝ մինչ այդ ոչ ոքի չենք պատմել մեր խնդիրների մասին:

Երկրորդ Օրինաց 29.29-ում գրված է, որ ծածուկ բաները Տիրոջ համար են: Նշանակում է՝ կան բաներ, որ միայն Աստծուն պիտի պատմենք, որովհետև մարդիկ մեզ չեն հասկանա, նույնիսկ կծիծաղեն մեզ վրա:

Եկեք մեր սիրտը բացենք մեր Երկնային Հոր առջև, և Նա, որ ծածուկը տեսնում է, հայտնապես կհատուցի մեզ, որպեսզի մենք էլ ուրիշներին վկայենք մեր կյանքում տեղի ունեցած հրաշքները:

Թող Տիրոջ զորությունը ձեզ հետ լինի: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: