Йоханнес Юстус: “Никогда не пытайся изменить свою жену”

Wolarm.org կայքի զրուցակիցը Գերմանիայի Ավետարանական հավատքի եկեղեցիների միության եպիսկոպոս Յոհաննես Յուստուսն է:

Հովիվ Յուստուս, պատմե՛ք ձեր կնոջ հետ հանդիպման մասին: Ինչպե՞ս հասկացաք, որ հենց նա է Աստծուց ուղարկված ձեզ համար:

Կնոջս՝ Իրինային, գիտեմ երկրորդ դասարանից: Մենք հաճախել ենք միևնույն դպրոցն ու եկեղեցին: Հայրս այսպես է սովորեցրել ինձ՝ եթե ուզում ես ամուսնանալ, ուշադիր եղիր, թե ում ես ընտրում, արժեքները կարևոր են: Ես գործնական մարդ եմ, և իմ առջև դրեցի 5 սկզբունք, որոնց պետք է համապատասխաներ ապագա կինս:

Առաջին հերթին նա պետք է լիներ քրիստոնյա, ես այլադավան կնոջ չէի ընտրի, քանի որ  ապրում և ծառայում եմ Աստծուն: Ինձ պետք էր կին, ով կկիսեր իմ աշխարհընկալումը: Երկրորդը՝ կինս պետք է լիներ հյուրասեր և սրտաբաց: Երրորդ սկզբունքն այն էր, որ նա պետք է լիներ կոկիկ և հագնվեր գեղեցիկ, չորրորդը՝ նա պետք է լիներ շիկահեր, հինգերորդ սկզբունքն այն էր, որ ապագա կինս պետք է կարողանար պատրաստել համեղ կերակուրներ:

Մի անգամ ընկերոջս հետ իրենց տուն գնացինք, ու ես նկատեցի նրա քրոջը` Իրինային, ուշադրություն դարձրի իր վարմունքին և նկատեցի, որ համապատասխանում է 5 սկզբունքներիս: Հետո նրան առաջարկեցի ընկերություն անել, և սերն առաջացավ:

Իհարկե, բոլորն են անցնում դժվարությունների միջով, բայց շատ քրիստոնեական ընտանիքներ չեն հաղթահարում դրանք: Եթե չեմ սխալվում, 37 տարի է՝ ամուսնացած եք, ձեր ընտանիքը երբևէ կանգնե՞լ է կործանման եզրին: Կա՞ն սկզբունքներ, որոնք օգնել են պահպանել ձեր սերը:

Այո: Առաջինը ես կոչում եմ «3Ա»-երի սկզբունք: Աշխատի՛ր, աշխատի՛ր ու կրկին աշխատի՛ր ինքդ քեզ վրա: Երկրորդ սկզբունքը՝ երբեք մի՛ փորձիր փոխել քո կնոջը: Միակ մարդը, ում կարող ես փոխել, հենց դո՛ւ ես: Ես շատ դժվարությամբ հասկացա այս ճշմարտությունը: Ութ տարի պահանջվեց, որպեսզի հասկանամ, որ կնոջը փոխելու փորձը անարդյունք զբաղմունք է:

Աստվածաշնչում գրված է. «Զգո՛ւյշ կաց անձիդ և վարդապետությանդ, և դրանում հարատևի՛ր» (Ա Տիմոթ. 4.16):

Իմ անձի փոխարեն կենտրոնանում էի կնոջս անձի ուղղությամբ: Ինձ համար ամենակարևոր հայտնություններից էր այն, որ կինը Աստծուց տրված է ինձ կարճ ժամանակով: Եվ կգա մի հրաշալի ու պայծառ օր, երբ Տերը կհարցնի, թե ինչպես եմ վարվել նրա հետ, ում Նա վստահել է որպես կին: Եվ այդ պատճառով ես միշտ օգնում եմ նրան մի նոր մակարդակի բարձրանալու, է՛լ ավելի զարգանալու ու կատարելագործվելու հարցում: Եվ կինս էլ նույնկերպ օգնում է ինձ:

1Դուք ունեք 7 երեխա և 15 թոռ: Սա ամուր ընտանիքի պտուղ է: Կարո՞ղ եք հայտնել ձեր ընտանիքի օրհնության գաղտնիքը կամ առանձնացնել 3 կետ, որոնց վրա հիմնված է ձեր ընտանիքը. չէ՞ որ շատ քրիստոնեական ընտանիքներում անառողջ հարաբերություններ են տիրում:

Ես միշտ ասում եմ՝ մեղքերից ազատում է Հիսուս Քրիստոսը, իսկ ծածուկ մեղքերից մեզ փրկում է միայն Տիրոջ երկյուղը: Ես լսում եմ Տիրոջ Խոսքը, և Նրա երկյուղն առաջնորդում է ինձ: Մեր ընտանիքում եղել են պահեր, երբ շատ սուր հարաբերություններ ենք ունեցել, և ընտանիքը կործանման եզրին է եղել: Այդ իրավիճակներից դուրս գալու համար մեզ օգնել է Տիրոջ երկյուղը: Այդ պատճառով ես ասում եմ, որ ավելի լավ է մեռնեմ, քան բաժանվեմ կնոջիցս:

Գիտեք, սիրահարված մարդիկ կույր են լինում: Բայց սիրո աչքերը բաց են: Մարդիկ սիրահարվում են իրենց հորինած պատրանքին, այդ մարդու մասին իրենց պատկերացումներին, բայց ոչ՝ մարդուն: Ես որոշեցի սթափ մնալ և տեսնել, թե ում եմ ընտրում: Շատերի հետ կարող ես կապ հաստատել, բայց նրանց հետ մի ամբողջ կյանք ապրել մեկ հարկի տակ, անհնար է: Ուրեմն, զգո՛ւյշ եղիր, թե ում ես տալիս հիացմունքդ, զգացմունքներդ: Սխալի դեպքում դու ուղղակի կհիասթափվես:

Ձեր խոսքը հայ ժողովրդի և Հայաստանի համար:

Ես կուզեմ, որ ձեր երկրում գործարարությունը ծաղկի, արտադրություն սկսվի, որպեսզի աղքատությունը վերանա, և կոռուպցիան արմատախիլ արվի: Ինձ խնդրել էին աղոթել ձեր երկրի համար: Տերը աղոթքի մեջ ցույց էր տվել, որ այստեղ պետք է հիմնվեն գործարաններ, ձեռնարկություններ, որպեսզի ժողովուրդն ապրի ազատության մեջ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: