Ովքե՞ր են հրեաները: Ինչո՞ւ է այդքան հաճախ Աստվածաշնչում մեզ հանդիպում Իսրայել բառը: Այս և նմանատիպ հարցերի պատասխանները տրվեցին ապրիլի 8-ի երիտասարդական ծառայության ընթացքում:

Ծառայությունը հարց ու պատասխան  ֆորմատով էր: Հարցերին պատասխանում էին մեր շատ սիրելի Բագրատ Բեկչյանն ու Դիանա Հայրիյանը, իսկ զրույցը վարում էր Գասպար Վարդանյանը: Ծառայությունը տարբերվող էր նաև նրանով, որ երիտասարդները հաղորդագրության միջոցով նույնպես հնարավորություն ունեին՝ տալու իրենց հուզող հարցերը:

Խոսելով հրեա ժողովրդի դերի, նշանակության մասին՝ նրանք հստակեցրին շատերիս համար անհասկանալի երևույթներ: Իսրայելը մեր «ժամացույցն է»,- ասաց Բագրատ Բեկչյանը՝ մատնանշելով Իսրայելի և Քրիստոսի երկրորդ գալուստի հետ կապված աստվածաշնչյան մարգարեություններ: Այսօր Իսրայելի պատմական ընթացքին հետևելով՝ կարող ենք ասել, որ Քրիստոսի գալուստը մոտ է:

Աստված Իր խոստմունքի համեմատ միշտ վերականգնել է հրեաներին և պահպանել՝ երբ նրանք ուղղել են իրենց ճանապարհներն ու խոնարհվել Իր առջև: Դիանա Հայրիյանը, ով մեր եկեղեցու ծառայողներից է, ասաց, որ Տիրոջ կամքն է, որպեսզի քրիստոնյաները ներգրավված լինեն հրեաների վերականգնման գործին: Իսկ այն հարցին, թե որն է Քրիստոսի Եկեղեցու ճիշտ վերաբերմունքն ու մոտեցումը հրեաներին, բանախոսների պատասխանն էր՝ աղոթք հրեաների փրկության համար:

Աստծո Խոսքը փաստում է, որ հրեաների սիրտը խստացվեց, որպեսզի նրանց անհավատությամբ մենք՝ հեթանոսներս, փրկություն ստանանք: Բայց նաև Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր մարդ վայելի Աստծո ողորմությունը՝ անկախ ազգային կամ սեռատարիքային սահմանափակումների:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: