Սա հզոր խոսք է, որ վերաբերում է վերջին օրերի արթնությանը: Մենք գիտենք, որ վերջին ժամանակներում մեծ արթնություն է սկսվելու: Ամեն ծունկ ծալվելու է Տիրոջ առջև: Գրված է. “Երկրի ամեն ծայրերը կհիշեն և Տիրոջ մոտ կդառնան…”:

Մարդը չի կարող հիշել մի բան, որ երբեք չի լսել: Հիշել՝ նշանակում է մտաբերել այն, ինչ ժամանակին լսել կամ իմացել ես: Այսօր, երբ քարոզում ենք Ավետարանը, միգուցե շատերը մեզ ուշադրություն չեն դարձնում, բայց Աստծո Խոսքն ընկնում է նրանց սրտերի մեջ: Եվ երբ ժամանակը գա, նրանք կհիշեն ու Տիրոջ մոտ կդառնան:

Ավետարանն Աստծո զորությունն է, որի շնորհիվ յուրաքանչյուր մարդ կարող է փրկվել: Կարևոր չէ` այս պահին նա ընդունում է, թե ոչ: Հիսուսն ասաց, որ հավատքը նման է մանանեխի հատիկի, որը մեծանալու զորություն ունի:

Սիրելի՛ս, եթե դու քարոզում ես Բարի լուրը, բայց մարդիկ չեն ընդունում, մի՛ հուսահատվիր, շարունակի՛ր կատարել Տիրոջ պատվիրանը: Չէ՞ որ Նա ասաց. “Գնացե՛ք բոլոր աշխարհը, Ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի” (Մարկ. 16.15): Մենք պետք է քարոզենք, որ երբ ժամանակը գա, մարդիկ հիշելու բան ունենան:

Աստվածաշունչն ասում է, որ բոլոր հեթանոս ազգերը Տիրոջ առջև երկրպագություն կանեն: Նշանակում է՝ կգա ժամանակ, երբ մարդիկ կհիշեն իրենց լսած քարոզները և կապաշխարեն:

Այսօր կարելի է տեսնել, թե ինչպես են Չինաստանում, Աֆրիկայում և այլ երկրներում, որտեղ տարածված է հեթանոսությունն ու կախարդությունը, միլիոնավոր մարդիկ ընդունում Տիրոջը:

Մի քանի օր առաջ կարդացի մի հրաշալի վիճակագրություն, որի համաձայն` քրիստոնեությունն այսօր ամենաարագ աճող կրոնն է: Աշխարհում երբեք այսպիսի բան չի եղել: Ամեն օր բազմաթիվ մարդիկ իրենց կյանքը տալիս են Քրիստոսին: Եվ ամենացնցողն այն է, որ իրականանում է Աստծո խոստումը` Սուրբ Հոգին թափվում է հավատացյալների վրա: Եթե առաջ եկեղեցիներում կարելի էր տեսնել հատուկենտ մարդկանց, ովքեր մկրտված էին Սուրբ Հոգով, ապա այսօր Սուրբ Հոգին թափվում է եկեղեցի հաճախող բոլոր անդամների վրա: Իհարկե, մեղքը նույնպես շատանում է, բայց Տիրոջը հիշողներն ու երկրպագողներն ավելի են շատանում ու զորանում:

Եթե դու ամեն ժամանակ հիշում և երկրպագում ես Տիրոջը, հիշեցրո՛ւ նաև ուրիշներին: Խոսքս կավարտեմ հենց այդ կոչով` հիշի՛ր Տիրոջը և Նրա մասին հիշեցրո՛ւ մարդկանց: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: