DAILY DEVOTION-am-1200-600

Հոբին կոչում են երանելի. նա այն անձնավորությունն էր, ով դիմացավ ամենատարբեր հալածանքներին և չարչարանքներին, փորձվեց և ընտիր գտնվեց: Սատանան կասկածում էր մարդու հավատարմությանը, բայց Հոբն ապացուցեց, որ եթե մարդը սիրում է Աստծուն, հավիտյան հավատարիմ կլինի: Եթե Աստծո զավակները որոշում են կայացնում հետևելու Տիրոջը, մինչև վերջ կպահեն իրենց որոշումը:

Հոբի գրքում գրված է. «…այն երկյուղալի բանից, որ վախենում էի, հանդիպեց ինձ, և ինչից որ սարսրում էի, հասավ ինձ»: Մեր լեզվով ասած՝ ինչից վախենում էի, գլխիս եկավ: Պարզվում է, որ աշխարհում իսկապես նման բան կա. ինչից վախենում ես, դա էլ հանդիպում է քեզ: Մասնագետները նույնպես ապացուցում են, որ եթե մարդը վախենում է ինչ-որ բանից, օրինակ` գլխացավից, անպայման գլխացավ կունենա:

Դա բացատրվում է նրանով, որ վախը նույնպես հավատք է: Եթե մարդը չհավատա, երբեք չի վախենա: Ահա թե ինչու պետք է եկեղեցի գնալ, Աստծո Խոսքը լսել, շփվել հավատացյալների հետ: Դա մեզ կօգնի՝ լցվելու Աստծո հավատքով, ոչ թե բացասական սպասումներով: Վախը քայքայում է առողջությունը: Թույլ մի՛ տվեք, որ այդ զգացումը գործի ձեր կյանքում:

Եթե Աստծո Խոսքն ասում է. «…ինչից վախենում էի, հանդիպեց ինձ», ուրեմն ավելի լավ է Աստծուց վախենալ: Շատ անգամ մարդիկ չեն վախենում շնություն գործելուց, բայց վախենում են առնետներից, միջատներից: Շատերն էլ վախենում են մահից:

Սիրելինե՛ր, եթե Տիրոջից վախենաք, այլևս ոչ մի բանից չեք վախենա: Աստծո երկյուղ ունեցե՛ք, և Աստված կհանդիպի ձեզ: Երբ Նա գա, կօրհնի ձեզ, որովհետև Նա սիրող Հայր է:

Եղեք օրհնված: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: