DAILY DEVOTION-am-1200-600

Նախքան այսօրվա խոսքին անդրադառնալը վերհիշենք աշխարհահռչակ «Տիտանիկ» նավի պատմությունը:

«Տիտանիկը» Անգլիայի հպարտությունն էր։ Ամենուրեք խոսում էին նավի մեծության ու ամրության մասին:  «Տիտանիկի»  նավապետ Սմիթն ասել էր, որ նույնիսկ Աստված չի կարող խորտակել այդ նավը։

Վերջապես, «Անգլիայի հպարտությունը» դուրս եկավ նավարկության։ Ուղևորությունը հրաշալի էր, մարդիկ ցնծում էին։ Չորրորդ օրը` ժամը 19:30-ին, նավապետը հաղորդագրություն ստացավ, որ առջևում վիթխարի սառցաբեկորներ կան: Սակայն նա ոչինչ չձեռնարկեց` համոզված լինելով, որ իրենց ոչ մի վտանգ չի սպառնում, որովհետև նավը շատ մեծ ու պաշտպանված է: 

Աստվածաշնչում գրված է, որ կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է։

Ժամը 22:30-ին աստղերը փայլում էին երկնքում, նավի մեջ հաճելի երաժշտություն էր հնչում, և ուղևորներից յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Եվ հանկարծ մի հարված զգացին. նավը ինչ-որ բանի բախվեց: Մարդիկ անմիջապես սթափվեցին, երաժշտությունը դադարեց: Սակայն անհանգստությունը մի քանի րոպե տևեց, որից հետո խաղաղության ու անհոգության մթնոլորտը վերականգնվեց: Բոլորը համոզված էին, որ ոչ մի վատ բան չի պատահի, որովհետև նավը շատ մեծ ու պաշտպանված է:

Մասնագետներն ասում են, որ եթե այդ պահին նրանք մտածեին փրկության մասին, անշուշտ, բոլորը կփրկվեին։

«Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը։ Ո՛վ Տեր, նրանք Քո երեսի լույսով կգնան» (Սաղմ. 89.15)։

«Փողի ձայնը» փրկության ձայնն է: «Տիտանիկը» չլսեց փողի ձայնը: Ժամը 2:20-ին նավն ամբողջությամբ ջրի տակ էր:

Այս ողբերգական պատմությունը մեզ մտորելու տեղիք է տալիս: Այսօր շատերը կարծում են, թե իրենք մեծ ու պաշտպանված են և երբեք չեն «խորտակվի»: Սակայն Աստվածաշունչն ասում է. «Ես ամբարիշտը տեսա գոռոզ և տեղը հաստատ, ինչպես լայնատարած դալար ծառ, բայց մեկ էլ անցնելիս ահա չկար նա…»։

Սիրելի’ս, որքան էլ պաշտպանված լինես, ոչինչ չես կարող անել, երբ մահը վրա հասնի: Ո՞վ կարող է քեզ փրկել սրտի կաթվածից կամ հանկարծամահությունից:

Ոչ ոք այնքան մեծ չէ, որ իրեն պաշտպանի մահից:  Ով էլ լինես, եթե չունես Աստծո` Հիսուս Քրիստոսի պաշտպանությունը, օրերից մի օր «կխորտակվես»:

«Հիսուս» նշանակում է փրկություն: Նա խոստացել է, որ մինչև աշխարհի վերջը մեզ չի լքի: Թո’ւյլ տուր, որ Հիսուսը դառնա քո Տերն ու Փրկիչը:

Աստվածաշնչում գրված է. «Ով որ Տիրոջ անունը կանչի, կապրի» (Հռոմ. 10.13):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: