Հունիսի 28-ին ավարտվեց «Կյանքի Խոսք»  ավետարանական եկեղեցու «Քայլենք հավատքով» ամենամյա համաժողովը: Վերջին ծառայության խոսնակը միջազգային ավետարանիչ, աստվածաշնչյան ուսուցիչ Կարլ Գուստավ Սևերինն էր:

Քարոզիչը  Հայաստան էր ժամանել կնոջ՝ Մոնիկա Սևերինի հետ միասին, ով վերջին անգամ Հայաստանում էր եղել  14 տարի առաջ:

«Այսքան տարի շարունակ դուք մեզ ուժ եք տվել: Մենք տեսնում էինք այն, ինչ կատարվում էր այստեղ, այն ամենը, ինչի միջով դուք անցաք: Ձեր  հավատքը ազդեցիկ է. հավատքով հնարավոր է շատ բաների հասնել»,-ծառայության սկզբում ասաց Մոնիկա Սևերինը:

Այնուհետև Կարլ Գուստավը խոսեց մարդկանց փրկության բերելու կարևորության մասին:

«Ես չեմ կարող փոխել ողջ աշխարհը, բայց կարող եմ փոխել աշխարհը մեկ մարդու համար,- հայտարարեց քարոզիչը,- Եթե դուք մեկ հոգու բերեք Աստծուն, դուք կշահեք ողջ աշխարհը : Դուք երբեք չեք կարող ասել, թե այդ մի մարդու կյանքում Տերը ինչեր կանի»:

Վերջում ներկաները թղթի վրա գրեցին այն մարդկանց անունները, ովքեր փրկության կարիք ունեն, և քարոզչի առաջնորդությամբ աղոթեցին նրանց համար:

Հունիսի 24-28-ը տևած համաժողովը ամրացրեց ներկաների հավատքը,  տվեց նրանց  նոր տեսիլք, նոր հնարավորություններ և երազանքներ: Այս մասին էին խոսում նրանց աչքերն ու համաժողովի մասին իրենց ստացած տպավորությունները:

Լիբանանի «Կյանքի Խոսք»  եկեղեցու հովիվ Սևակ Բարսեղյանի խոսքով՝ համաժողովն իսկական  «վիտամին» էր.

 -Համաժողովն ինձ առաջին հերթին մխիթարություն տվեց, հեշտ չէ հոգևոր հայր,  ավագ կորցնելը: Երկրորդը, համաժողովը բարձրացրեց նաև հավատքս, քանի որ հավատքը լսելուց է, իսկ լսելը՝ Աստծո խոսքից: Անգամ եթե շատերը մոռանան՝ ինչ եղավ, ինչպես եղավ, իրենց հավատքը, միևնույն է, բարձրացավ: Համաժողովը իսկական «վիտամին» էր, որը իր ժամանակին կօգնի հաղթահարել «վիրուսը»:

Եկեղեցու հավատացյալներից Նարինե Ավագյանին համաժողովը տվեց նոր ուժ, նոր եռանդ  Աստծուն ծառայելու և  կյանքի համար.

 -Համաժողովն ու հովիվ Էդիկի հետ կատարվածը օգնեցին հասկանալ, որ պետք է հաստատուն կանգնենք Աստծո գործերի մեջ ու թևաթափ չլինենք երբեք,- շարունակեց Նարինեն:

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: