Երանի այն մարդուն և այն ժողովրդին, որի պահապանը Տերն է: Դավիթն այս սաղմոսում կոչ է անում, որ չվախենանք:
Եթե Տերը քո պահապանն է, մի’ վախեցիր ոչ մի բանից. Նա քեզ կպաշտպանի:
Մի աղջիկ ասում էր, որ գիշերը մութ սենյակում քնելուց վախենում է, այդ պատճառով երբեք լույսը չի հանգցնում: Ես նրան հարցրի. «Դու հավատո՞ւմ ես Տիրոջը»: Նա պատասխանեց` այո: Ես ասացի. «Եթե իսկապես հավատայիր Նրան և իմանայիր, որ Նա քեզ պահպանում է նույնիսկ քնած ժամանակ, երբեք չէիր վախենա»:
Մենք հաճախ ասում ենք, թե հավատում ենք Տիրոջը, բայց իրականում չենք վստահում Նրան: Վախը ոչ այլ ինչ է, եթե ոչ անվստահություն: Միգուցե մտածում ենք, որ երբ մենք քնում ենք, Տերն էլ է քնում, կամ երբ զբաղված ենք լինում, Նա էլ է զբաղված լինում և մոռանում է մեր մասին: Սակայն Աստված մեզ նման չէ. Նա չի քնում և չի ննջում: Քնած լինես թե արթուն, Նա քեզ հետ է, քո կողքին:
Եթե հավատում ես, որ էլեկտրական լույսը կարող է քեզ պահպանել քնած ժամանակ, որքան ավելի մեր Տերը: Նա մեր պահապանն է ամեն ժամանակ, մեր բոլոր գործերում:
Սիրելինե’ր, վստահե’ք Աստծուն և ոչ մի բանից մի’ վախեցեք, որովհետև Աստված ձեզ հետ է: Ամե’ն:
© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: