Ամիսներ առաջ ռմբակոծության հետևանքով Սիրիայում նահատակվեցին «Կյանքի Խոսք» եկեղեցու միսիոներական ծառայության առաջնորդ, հովիվ Էդուարդ Պետրոսյանն ու սիրիահայ հավատակից եղբայր Կարո Մկրտչյանը: Նրանց նահատակությունը  կորուստ էր եկեղեցու, հավատացյալների, բայց առավելապես իրենց ընտանիքների համար: Մեր զրուցակիցն է Կարո Մկրտչյանի որդի Հարություն Մկրտչյանը, ով մինչև այս դեպքը Հալեպում ծառայում էր որպես փառաբանության խմբի  ավագ, իսկ օրերս Հայաստանում էր:

Հարություն. Հալեպում եղել եք փառաբանության խմբի ավագ: Կպատմե՞ք ձեր կյանքից:

Ես 13 տարվա երաժիշտ եմ: Տիրապետում եմ մի քանի գործիքի: Չորս տարի առաջ եմ ապաշխարել և մկրտվել: Անմիջապես մեկ շաբաթ անց հովիվ Էդուարդ Պետրոսյանն ինձ նշանակեց փառաբանության խմբի ավագ: Ես շատ զարմացա, քանի որ դեռ մեկ շաբաթվա հավատացյալ էի, բայց նաև հավատացի, որ դա Աստծուց էր: Աստված երբեք չի սխալվում, և ես այդ որոշման պտուղները տեսա:

Ունեցանք փառաբանության խումբ: Ծառայություններն անցկացնում էինք դժվարություններով` առանց էլեկտրաէներգիայի, նույնիսկ հաց չունեինք, բայց հավաքվում և ծառայում էին Աստծուն: Հիշում եմ` Հալեպում էինք, պատերազմական վիճակ էր: Ծառայություններ անցկացնելու համար հավաքվում էինք մի տան մեջ, և այդ պողոտան լի էր դիպուկահարներով, ովքեր կրակում էին անցորդների ուղղությամբ: մենք անցնում էինք հենց այդ ճանապարհով: Ամեն անգամ Տիրոջ ուրախությամբ վազում էինք պողոտայի երկայնքով` հավատալով, որ դիպուկահարները մեզ ուղղակի չեն նկատի: Հովիվ Էդուարդը մեզ հետ կիսվում էր Աստծո Խոսքով: Մենք  շատ բան սովորեցինք, Սուրբ Հոգին մեր մեջ էր:

Ո՞վ էր ձեզ համար Էդուարդ Պետրոսյանը:

Նա ինձ համար Սուրբ Հոգուց ուղարկված մարդ էր, ով մխիթարում և քաջալերանքի խոսքեր էր ասում: Մեր պատերազմը մեզ հետ ապրեց: Թեկուզ հեռու էր մեզնից, բայց մեզ հետ միասին անցնում էր միևնույն դժվարությունները, որ ունեինք Սիրիայում: Նա մարդ էր, ով իր զգացմունքներով, գործերով, իր էությամբ մեզ հետ էր: Հովիվ Էդուարդը միշտ կապ էր պահում ինձ հետ, զորացնում և բարձրացնում էր: Նա միշտ ասում էր, որ գալու է մեզ մոտ:

Հարազատներ եք կորցրել և ցավ եք ապրել: Ի՞նչն է ձեզ մխիթարում:

Դժվարության մեջ մխիթարություն է պետք: Ինչպե՞ս կհաղթահարենք դժվարությունը, եթե չունենանք մխիթարություն: Կա երկու մխիթարություն` աշխարհի առաջարկած մխիթարությունը, որը ժամանակավոր է, և Սուրբ Հոգու մխիթարությունը: Ես հորս կորցրի, և եթե չլիներ Սուրբ Հոգու մխիթարությունը և Աստծո Խոսքի հայտնությունը, ես  չէի կարողանա այսօր փառաբանել և ուրախանալ, որովհետև աշխարհի տված մխիթարությունը կեղծ է, դատարկ և ժամանակավոր: Յուրաքանչյուր մարդու, ով այսօր ունի դժվարություն, ով կորցրել է հարազատներ, ես ասում եմ` աղոթե´ք և խնդրե´ք վերին մխիթարություն, վերին խաղաղություն և վերին զորություն, որոնք հավիտենական են:

Ի՞նչ եք պատրաստվում անել ապագայում: Պատրաստվո՞ւմ եք կրկին վերադառնալ Սիրիա:

Պատրաստվում եմ վերադառնալ Լիբանան: Տիրոջից խոսք ունեմ, որ պետք է Լիբանան գնամ և այնտեղ ծառայեմ, բարձրացնեմ այնտեղի սիրիահայերին: Եվ մենք Աստծուց տեսիլք ունենք. բոլորս պիտի վերադառնանք Սիրիա և վայելենք հաղթություն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: