Այսօրվա խոսքը մեզ խաղաղության կոչ է անում: Գրված է. “Եթե կարելի է, որքան ձեզնից է կախված` ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք”:

Շատ դեպքերում մեզնից է կախված, թե ինչպիսի փոխհարաբերություններ կունենանք մարդկանց հետ: Երբեմն ձեռքներս ծալած նստում ենք` սպասելով, թե ով մեր փոխարեն մեր խնդիրները կլուծի:

Միգուցե ինչ-որ մեկը քո դեմ լարված է, և դու աղոթում ես, որ Աստված միջամտի ու շտկի ձեր փոխհարաբերությունները: Սակայն ինքդ պետք է փորձես խաղաղություն հաստատել նրա հետ: Եթե անես այն ամենը, ինչ քեզնից է կախված, և հաջողության չհասնես, այդ դեպքում կարող ես աղոթել ու Աստծուն ասել. “Տե՛ր, ես փորձեցի շտկել իրավիճակը, բայց դա իմ ուժերից վեր էր: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ”: Եթե դու ոչինչ չես անում, չես կարող Աստծուն խնդրել, որ Նա քո փոխարեն հաշտության քայլ անի:

Սիրելինե՛ր, հավատացած եմ, որ մենք ունենք Տիրոջ զորությունն ու իմաստությունը` մարդկանց հետ խաղաղություն հաստատելու համար: Գիտեմ, թե որքան դժվար է զանգահարել ինչ-որ մեկին և ներողություն խնդրել կամ որևէ հարց պարզաբանել, բայց մենք պետք է ջանք անենք՝ պահպանելու խաղաղությունը:

Եկեք ապրենք խաղաղության մեջ, խաղաղություն ունենանք ոչ միայն Աստծո զավակների, այլև բոլոր մարդկանց հետ: Այդ ժամանակ Տերը կհամագործակցի մեզ հետ:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: