DAILY DEVOTION-am-1200-600

Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում լինում են նեղության օրեր. բոլորս էլ ունենում ենք անձնական, ընտանեկան, ֆինանսական, աշխատանքային կամ այլ խնդիրներ: Սակայն մեզնից է կախված, թե ինչպես կարձագանքենք նեղությանը` թուլությամբ, թե հաղթանակի տրամադրվածությամբ:

Կյանքը երբեմն անպարկեշտ մատուցողի նման մեզ մատուցում է այն, ինչ չենք պատվիրել: Սակայն ինչ էլ լինի, նեղության օրը իրավունք չունենք հանձնվելու, ընդհակառակը` հենց այդ ժամանակ է, որ պետք է որոշում կայացնենք և հաղթենք:

Սուրբ գրքում գրված է. «Եթե նեղության օրը թուլացար, ուժդ նեղ կլինի»:

Մի մարդ իր ընկերների հետ ավիավթարի արդյունքում հայտնվել էր բարձր սարի վրա: Նա որոշել էր չհանձնվել` ի տարբերություն իր ընկերների, ովքեր կորցրել էին ապրելու հույսը և դադարել էին պայքարելուց: Հաղթահարելով ձյունաբուքն ու մյուս արգելքները` նա սողեսող առաջ էր գնացել: Ի վերջո, փրկարարները նրան գտել էին և օգնություն էին ցուցաբերել: Այսօր այդ անձնավորությունը ողջ աշխարհին պատմում է իր փրկության մասին` հորդորելով նեղության օրը չթուլանալ:

Սիրելինե’ր, ինչ իրավիճակում էլ լինեք, վարվեք այնպես, ինչպես Սուրբ գիրքն է պատվիրում: Գրված է. «Այսուհետև, եղբայրնե՛ր, զորացեք Տերով և Նրա զորության կարողությունով: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետև մեր պատերազմը արյան և մարմնի հետ չէ, այլ… չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփես. 6.10-12):

Միշտ հիշե’ք, որ Տերը մեզ տվել է սպառազինություն` ճշմարտության գոտի, արդարության զրահ, խաղաղության կոշիկներ, հավատքի վահան, փրկության սաղավարտ և Հոգու սուր, որ Աստծո Խոսքն է: Աստծո սպառազինությունը հագնելով և անդադար աղոթելով` մենք կարող ենք հաղթահարել բոլոր նեղությունները: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: