Եթե նեղության օրը թուլանաս, ուժդ քիչ է:

Առակաց 24.10

ժամանակ առ ժամանակ բոլորիս կյանքում էլ լինում են նեղության օրեր` անձնական, ընտանեկան, ֆինանսական, աշխատանքային և այլ պատճառներով: Սակայն մեզնից է կախված, թե ինչպես կվարվենք այդ օրերին` կթուլանանք և կպարտվենք, թե կզորանանք և կհաղթենք:

Կյանքը երբեմն նմանվում է անպարկեշտ մատուցողի. մատուցում է այն, ինչ չես պատվիրել: Սակայն մենք իրավունք չունենք հանձնվելու, ընդհակառակը` ինչ էլ լինի, հաղթելու վճռականություն պետք է ունենանք:

Մի անձնավորություն իր ընկերների հետ ավիավթարի հետևանքով հայտնվել էր ձնածածկ սարերի վրա` առանց փրկության որևէ հույսի: Ի տարբերություն մյուսների, ովքեր դադարել էին պայքարելուց` նա որոշել էր չհանձնվել և ապրել: Անզգայացած ոտքերով ու ձեռքերով նա սկսել էր սողալ և, ի վերջո, հաղթահարել էր ձնաբուքն ու արգելքները: Շուտով փրկարարները նրան գտել էին և օգնություն ցուցաբերել: Չնայած այսօր նա պրոթեզներ է կրում, բայց կենդանի է և ողջ աշխարհին հորդորում է, որ նեղության օրը թուլանալ չի կարելի:

Մենք` որպես հավատացյալներ, նեղության օրը չպետք է թուլանանք, այլ պետք է վարվենք այնպես, ինչպես Սուրբ գիրքն է պատվիրում: Գրված է. “Այսուհետև, եղբայրներ, զորացեք Տերով և Նրա զորության կարողությունով: Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի հետ չէ, այլ այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են: Սրա համար Աստծո սպառազինությունն առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում…” (Եփես. 6.10-13):

Սիրելինե°ր, ինչ նեղության մեջ էլ լինեք, միշտ հիշեք, որ Տերը ձեզ տվել է սպառազինություն, որի օգնությամբ կարող եք հաղթել: Աստծո սպառազինության մեջ են մտնում` ճշմարտության գոտին, արդարության զրահը, խաղաղության կոշիկները, հավատքի վահանը, փրկության սաղավարտը, Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է, և Հոգու անդադար աղոթքը:

Եղեք օրհնված: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: