DAILY DEVOTION-am-1200-600

Աշխարհը լի է գայթակղություններով և հրապուրանքներով: Եթե նախկինում գայթակղությունները հանդիպում էին միայն դրսում, ապա այսօր հեռուստացույցի և համակարգչի միջոցով ներխուժում են նաև մեր տները:

Շատ մարդիկ, հրապուրվելով տարբեր ցանկություններով, դադարում են եկեղեցի գնալուց և հեռանում են Աստծուց: Նրանք սկսում են ծխել, խմել, մեղավոր կյանքով ապրել: Եթե նրանց հարցնես, թե ինչու դադարեցին Աստծո Խոսքին հնազանդվելուց և սրբությունը փոխեցին մեղքի հետ, հիմնականում պատասխան չունեն. ինչ-որ մեկը նրանց հրապուրեց և դրդեց Աստծո դեմ մեղանչելու:

Սողոմոն իմաստունը, որի նման իմաստուն թագավոր չի եղել և չի էլ լինի, մեզ հրաշալի խորհուրդ է տալիս. «Որդյա’կս, եթե քեզ հրապուրեն մեղավորները, դու հաճություն չտաս»:

Սիրելինե’ր, մենք պետք է գիտակցենք, որ մեղքը ծնվում է հրապուրանքից. եթե հրապուրանք չլինի, մեղք էլ չի լինի: Սա չի նշանակում, որ մենք պետք է մեկուսանանք աշխարհից կամ փախչենք մեղավոր մարդկանցից, ընդհակառակը, պետք է օգնենք նրանց, որ ճանաչեն Աստծուն և փոխվեն: Սակայն շատ կարևոր է, որ ինքներս էլ արթուն և զգոն լինենք, հրապուրանքին հաճություն չտանք, դեռ ավելին, ինքներս «հրապուրենք» ուրիշներին` քարոզելով Քրիստոսի փառավոր Ավետարանը և պատմելով Նրա անքննելի հարստությունը:

Թող Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: