Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի:

Մատթեոս 24.12

Սերը սառչելու հատկություն ունի: Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխում, որտեղ խոսվում է վերջին օրերի մասին, գրված է, որ սերը սառչում է անօրենության շատանալու պատճառով: Երբ մարդը հանցանքների, մեղքերի մեջ է ընկնում, աստիճանաբար դադարում է սիրելուց: Սերը կարող է բորբոքվել միայն խաչի մոտ, երբ խնդրում ենք, որ Աստված մեզ ողորմի և Հիսուս Քրիստոսի արյունով մաքրի ամեն անօրենությունից:

Սերը կատարելության ճանապարհն է, օրենքի լրումը: Կորնթացիներին ուղղված առաջին թղթում գրված է. “Ապա ուրեմն մնում է հավատք, հույս, սեր. այս երեքը, և սրանցից մեծը սերն է”:

Իրականում, մենք կարող ենք մեծ հավատք ունենալ, զգալ Սուրբ Հոգու հպումը, լցված լինել հիանալի աստվածաբանական գիտելիքներով, բայց եթե սեր չունենք, դառնում ենք ձայն հանող պղինձ կամ ծնծղա, որն ընդունակ է միայն բարկացնելու և գրգռելու մարդկանց:

Սիրելի°ս, եթե սերդ սառչել է քո ընտանիքի, հարազատների, ժողովրդի հանդեպ, ուրեմն քո աստվածաբանությունն էլ ոչ ոքի պետք չէ: Սիրի°ր քեզ շրջապատող մարդկանց: Սիրի°ր քո երկիրը, քո եկեղեցին:

Սիրո բացակայության պատճառն անօրինության շատանալն է: Հեռացի°ր անօրենությունից և սիրով առաջնորդվի°ր. մեր կոչումը սիրով առաջնորդվելն է:

Աստված այնպես սիրեց մեզ, որ Իր միածին Որդուն տվեց: Ուրեմն սերը պետք է լինի մեր կարգախոսը, որպեսզի մենք էլ կարողանանք ծառայել ուրիշների փրկությանը՝ գնալ աշխարհով մեկ և քարոզել փրկության Ավետարանը: Աստծո Խոսքն ասում է. “Սրանով կիմանան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք”: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: