Աստված Հոբին ազատեց գերությունից և կրկնապատիկ օրհնեց, երբ Հոբն աղոթեց իր ընկերների համար: Սա շատ խորը և դաստիարակչական խոսք է ամեն մեկիս համար:

Ովքե՞ր էին Հոբի ընկերները: Նրանք այն մարդիկ էին, ովքեր դժվար պահին Հոբին մխիթարելու փոխարեն բացասական խոսքեր էին ասում: Նրանք ավելի շուտ թշնամիներ էին Հոբի համար:

Դուք, հավանաբար, կարդացել եք, թե ինչ փորձության մեջ էր ընկել Հոբը: Աստված թույլ էր տվել, որ սատանան նրան փորձեր, իսկ ընկերները փոխանակ հոգեպես օգնեին նրան, քննադատում և ավելի մեծ ցավ էին պատճառում: Նրանք կարծում էին, թե Հոբը պատժվում էր իր մեղքերի պատճառով, ուստի հանդիմանում էին նրան:

Գիտե՞ք, գուցե Հոբի վիճակն այդպես էլ չփոխվեր, եթե նա մի կարևոր բան չաներ: Ե՞րբ նա սկսեց հաղթել: Իմ կարծիքով` նա սկսեց վերականգնվել, երբ աղոթեց իր ընկերների համար:

Հիսուս Քրիստոսն ասաց. “Սիրեցե՛ք ձեր թշնամիներին… աղո՛թք արեք ձեզ չարչարողների և հալածողների համար” (Մատթ. 5.44):

Երբ մենք աղոթում ենք մեր թշնամիների, մեզ վատություն անողների համար, առաջին հերթին մեզ համար է լավ լինում:

Հոբն աղոթեց, և իր օրհնության ճանապարհը բացվեց: Նա առաջվանից ավելի օրհնված եղավ: Ինքներդ մտածեք՝ եթե Հոբը չկատարեր այդ հոգևոր քայլը, մի՞թե օրհնված կլիներ:

Միգուցե դու էլ այսօր փորձության մեջ ես, որի պատճառով քեզ մեղադրում և քննադատում են: Սիրելի՛ս, կա ճանապարհ, որը քեզ կօգնի՝ դուրս գալու փորձությունից: Հավատացած եմ՝ եթե աղոթք անես այն մարդկանց համար, ովքեր քեզ չարչարում ու հալածում են, ճանապարհներ կբացվեն, և դու էլ Հոբի նման օրհնված կլինես:

Թո՛ղ Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի: Աղոթե՛ք ձեզ վատություն անողների համար և հավատացե՛ք, որ ձեր օրհնությունը մեծ կլինի: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: