Արդեն երրորդ օրն է, ինչ խոսում ենք եկեղեցու մասին և մեզ համար բացահայտում եկեղեցու դերն ու նշանակությունը: Եկեղեցին մարդկանց հավաքույթն է. մենք հավաքվում ենք Քրիստոսի շուրջ` Նրա մասին խոսելու և Նրա անունը փառավորելու:

Աստվածաշունչն ասում է, որ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա, նրանք միաբան մեկտեղ էին:

Սիրելինե՛ր, սատանան չի ուզում, որ մարդիկ հավաքվեն մեկտեղ, հանդիպեն միմյանց, որովհետև Հիսուսն ասաց. “… ուր որ երկու կամ երեք հոգի ժողովված լինեն Իմ անունով, Ես այնտեղ նրանց մեջ եմ”: Բնականաբար, սատանան չի կարող դա հանդուրժել, որովհետև ատում է Տիրոջ ներկայությունը, և ամեն ինչ անում է, որ աշխարհում Աստծո ներկայությունը չլինի:

Ուշադրությո՛ւն դարձեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը. ինտերնետը փոխարինում է մարդկանց կենդանի շփմանը: Շուտով մարդիկ խանութ էլ չեն գնա, ինտերնետով կպատվիրեն իրենց անհրաժեշտ սննդամթերքը, հագուստը և մյուս ապրանքները: Բայց հավատացե՛ք, որ ոչինչ չի կարող փոխարինել Աստծո ներկայությանը:

Երկու բնագավառ կա, որտեղ չպետք է կորցնել կենդանի շփումը: Խոսքը ընտանիքի և եկեղեցու մասին է: Սատանան այսօր հարձակվում է հենց այդ բնագավառների վրա: Նա ամեն ինչ անում է, որ մարդիկ ընտանիք չկազմեն և եկեղեցի չգնան, որովհետև ինչպես եկեղեցում, այնպես էլ ընտանիքում, երբ երկուսը կամ երեքը միաբանվում են և սկսում են խոսել Հիսուսի մասին, Նրա ներկայությունն է գալիս:

Ուրեմն եկեք սթափվե՛նք և միաբան հավաքվելը չթողնե՛նք: Միգուցե դու մտածում ես, որ առանց քեզ էլ Աստծո ներկայությունը կգա, որովհետև միշտ էլ կլինեն երկուսը կամ երեքը, որ կհավաքվեն Քրիստոսի անունով: Սակայն մի՛ նայիր ուրիշներին: Պարզապես ընդունի՛ր, որ քո ներկայությունը շատ կարևոր է: Եկեղեցի գնալով՝ դու կարևոր առաքելություն ես կատարում, որովհետև ոչ միայն Տիրոջ ներկայությունն է գալիս այնտեղ, այլև Նա փառավորվում է Իր ժողովրդի մեջ՝ հրաշքներ ու նշաններ անելով: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: