Աստված մեզ կրկին հավատարմության կոչ է անում. “… քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ”: Երեկվա խոսքն այն մասին էր, որ Տիրոջ օրհնությունը հավատարիմների վրա կլինի, իսկ այսօրվա խոսքում տեսնում ենք, որ Աստված հավատարիմ մարդուն կանչում է՝ մտնելու իր ուրախության մեջ:
Ես հավատացած եմ, որ մեր կյանքի յուրաքանչյուր քայլափոխին հավատարմության քննություն ենք հանձնում: Ուստի, եթե նույնիսկ մեկին մի խոստում ենք տվել, շատ կարևոր է, որ անպայման կատարենք:
Մի մարդ պատմում էր, որ Աստված իրեն մեծ գումար էր օրհնել, և նա խոստացել էր այդ գումարի տասանորդն Աստծուն տալ: Սակայն հետո որոշել էր ամբողջ գումարը ներդնել գործի մեջ, ավելի մեծ գումար աշխատել, հետո տասանորդ տալ: Արդյունքում՝ այդ գումարն ավելանալու փոխարեն աստիճանաբար պակասել էր, և այդ մարդն աղքատության մեջ էր հայտնվել: Նա, իհարկե, հասկացել էր, որ իր խոստմանը հավատարիմ չէր եղել, և ապաշխարել էր:
Որոշ ժամանակ անց այդ մարդը կրկին գումար էր ստացել` ավելի քիչ, քան նախորդը, սակայն այս անգամ առաջին հերթին տասանորդն էր առանձնացրել: Աստված օրհնել էր նրա ձեռքի գործը, և նա հաջողության էր հասել: Նա ամենուրեք պատմում է իր կյանքի պատմությունը՝ մարդկանց հորդորելով հավատարիմ լինել իրենց խոստմանը:
Սիրելինե’ր, հավատարի’մ եղեք: Հավատարիմ մարդը և՛ իր ընտանիքում, և՛ աշխատավայրում, և’ եկեղեցում շրջապատված կլինի ուրախությամբ, որովհետև Տերը հավատարիմ մարդուն ուրախություն է խոստանում:
Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:
***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: