Եվ Ինքը նավի ետևի կողմում բարձի վրա քնած էր: Նրան զարթնեցնում են և ասում. Վարդապե°տ, հոգդ չէ, որ կորչում ենք: Եվ Նա զարթնելով՝ քամուն սաստեց և ասաց ծովին. Լռի°ր, պապանձվի°ր: Եվ քամին դադարեց, և մեծ խաղաղություն եղավ:

Մարկոս 4.38,39

Ալեկոծության պահին Հիսուսն անխռով քնած էր նավի ետևի կողմում՝ բարձի վրա: Մի՞թե Նա չէր զգում կամ չգիտեր, որ փոթորիկ էր սկսվելու: Հիսուսը մշտապես հաղորդակցության մեջ էր Հոր հետ, և Հայրը Նրան նախօրոք հայտնում էր ամեն ինչի մասին: Պարզապես, Նա ցանկացած իրավիճակում հավատքը չէր կորցնում և պատրաստ էր հանդարտեցնելու ցանկացած ալեկոծություն:

Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ փոթորիկներ են լինում թե° ընտանիքում, թե° աշխատանքի վայրում, թե° ֆինանսական, թե° այլ բնագավառներում: Եթե Հիսուսը մեր նավի մեջ է, ժամանակն է, որ մեր կյանքի փոթորիկները հանդարտվեն: Դրա համար մենք էլ աշակերտների նման պետք է դիմենք Նրան:

Նավը խորհրդանշում է յուրաքանչյուրիս կյանքը: Սիրելի°ս, եթե Հիսուսը քո նավի մեջ չէ, ո՞ւմ ես արթնացնելու ալեկոծության պահին: ժամանակն է, որ սիրտդ բացես Նրա առջև, աղոթես և խնդրես, որ Նա միջամտի քո կյանքին:

Թո°ւյլ տուր, որ Հիսուսը լինի քո բարի Հովիվը, և կարոտություն չես ունենա, բնակվի°ր Տիրոջ տան մեջ, և բարիք ու ողորմություն կգան քո ետևից կյանքիդ բոլոր օրերում (Սաղմ. 23): Բնակվի°ր Բարձրյալի ծածկոցի տակ, և Նա Իր շուքի տակ կհանգստացնի քեզ (Սաղմ. 91): Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: