Այսօր աշխարհում ամենատարածված չարիքներից մեկն է կաշառակերությունը, որ մեծ վնասներ է հասցնում մարդկանց: Աստվածաշնչում բազում խոսքեր կարելի է գտնել, որոնք մեզ զգուշացնում են հեռու մնալ այդ երևույթից: Ելից 23.8-ում հստակ ասվում է, որ կաշառքը փակում է մարդու աչքերը` դրդելով նրան հանցանք գործելու արդարի հանդեպ:

Ընդ որում՝ Սուրբ գրքում ավելի շատ խոսվում է կաշառք վերցնելու, քան տալու մասին: Շատ դեպքերում հենց կաշառք վերցնողն է անօրինության պատճառ հանդիսանում` ստեղծելով այնպիսի իրավիճակ, որը դիմացինին պարտադրում է կաշառք տալու: Մարդու արած լավության կամ աշխատանքի դիմաց շնորհակալության նվեր տալը մի բան է, պարտադրված կաշառք տալը` մեկ այլ բան:

Եսայի 5.22,23-ում կարդում ենք. «Վայ նրանց, որ քաջ են գինի խմելու և զորավոր են ցքի խառնելու մեջ, որ արդարացնում են ամբարշտին կաշառքի համար, բայց արդարների արդարությունը հեռանում է նրանցից»: Կաշառքը մի այնպիսի բան է, որ մեղավորին արդարացնում է, իսկ արդարին հանցավոր է հանում:

Առակաց 17.23-ում գրված է. «Ամբարիշտը կաշառքը ծոցից հանում է, որ ծռի իրավունքի ճանապարհները»: Կաշառքի պատճառով անտեսվում են օրենքները: Իսկապես, օրենքները կարող են լիարժեք գործել միայն այն ժամանակ, երբ կաշառակերություն չկա:

Ես սիրում եմ կարդալ 15-րդ սաղմոսը, որտեղ գրված է, թե ինչպիսի բնավորություն և վարքագիծ պետք է ունենա արդարը: Գրված է. «Տե՛ր, ո՞վ կկենա Քո խորանում, և ո՞վ կբնակվի Քո սուրբ սարում: Ուղիղ գնացողը և արդարություն գործողը և իր սրտում ճշմարտություն խոսողը: Նա, ով իր լեզվով չի բամբասում, և իր ընկերոջը չար չի անում, և իր դրացու վրա նախատինք չի գցում, որ նրա աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց Տիրոջից վախեցողներին պատիվ է տալիս, որ ընկերոջը երդում է անում և չի փոփոխում, որ իր արծաթը վարձով չի տալիս, և անմեղի դեմ կաշառք չի առնում: Ով որ այսպես անի, չի շարժվի տեղից հավիտյան»: Ինչպես տեսնում ենք, արդարի բնութագրերից մեկն է անմեղի դեմ կաշառք չվերցնելը: Կաշառակերության պատճառով մարդը կորցնում է իր արդարությունը:

Բ Օրինաց 16.19 խոսքը մեզ զգուշացնում է. «Իրավունքը չծռես, աչառություն չանես և կաշառք չառնես, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստունների աչքերը և արդարների բանը դարձնում է»: Իմաստուն մարդը միշտ պետք է խուսափի այս երեք գործողություններից՝ իրավունքը ծռելուց, աչառություն անելուց և կաշառք առնելուց:

Սիրելինե’ր, իմաստո’ւն եղեք, պահպանե’ք ձեր արդարությունը և լցվե’ք Ավետարանի մաքրությամբ:

Թո’ղ Տիրոջ ձեռքը միշտ ձեզ հետ լինի: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: