DAILY DEVOTION-am-1200-600

Ծննդոց գիրքը մեզ պատմում է, թե ինչպես մեղքն աշխարհ մտավ: Մենք տեսնում ենք գայթակղության երեք պատճառ. արգելված պտուղը լավ էր ուտելու համար, հաճելի՝ աչքերի համար, և փափագելի՝ նայելու համար: Եվ կինը՝ Եվան, գայթակղվեց:

Այսօր էլ յուրաքանչյուր մեղք, որ ներխուժում է մեր կյանք, ախորժելի, հաճելի և փափագելի է, այլապես ոչ ոք չէր մեղանչի: Օրինակ` եթե բամբասելը մարդուն  հաճելի չլիներ, նա երբեք չէր բամբասի:

Բայցևայնպես, մեղքը որքան էլ սկզբից քաղցր է թվում, հետո դառնացնում է մեր կյանքը: Մենք դատապարտություն ենք զգում, սկսում ենք մեզ մեղադրել:

Մինչդեռ կան բաներ, որ սկզբից դառն են թվում, բայց հետո մեր կյանքը քաղցրությամբ են լցնում: Օրինակ` Աստվածաշունչն ասում է, որ նեղ է այն ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական կյանք: Թեև հիմա դժվարությամբ ենք քայլում այդ ճանապարհով, բայց հետո հավիտենական կյանքի քաղցրությունն եք վայելելու:

Սիրելի′ բարեկամ, միգուցե դու այսօր մեղք գործելու շեմին ես կանգնած: Մի′ գայթակղվիր ժամանակավոր բաներով, որքան էլ դրանք հաճելի և փափագելի լինեն: Հիսուսն ասաց, որ ավելի լավ է աչքդ հանես, քան գայթակղվես, այսինքն` ավելի լավ է՝ հայացքդ շրջես, նայես ուրիշ ուղղությամբ, չմտածես այն բաների մասին, որոնք քեզ գայթակղում են:

Մի′ անարգիր Տիրոջ խորհուրդը: Նե’ղ ճանապարհով քայլիր, որ հավիտենական կյանքը ժառանգես:

Աստված օրհնի քեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: