Կարդալով այսօրվա խոսքը՝ մենք կարող ենք պատկերացում կազմել Տիրոջ բնավորության մասին: Գրված է, որ Նա Իր աշակերտներին մի բարձր սար հանեց: Իրականում, զարմանալի է, թե ինչպես էր գործում Քրիստոսը: Նա Իր հետևորդներին երբեք որևէ ցածր կամ նսեմ վայր չէր առաջնորդում:

Բարձրանալով սարը՝ աշակերտները հրաշք տեսան. Հիսուսը նրանց աչքերի առջև այլակերպվեց, Մովսեսն ու Եղիան երևացին նրանց և խոսեցին Հիսուսի հետ:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հիսուսը աշակերտներին բարձրացրեց սարի վրա, չէ՞ որ նրանք տանն էլ կարող էին տեսնել նույն հրաշքը: Կարծում եմ՝ դա որոշակի հոգևոր խորհուրդ ուներ. սարը խորհրդապատկերում է հոգևոր բարձունքները:

Մարդկանց բարձունքների վրա կանգնեցնելը Աստծո բնավորությունն է: Ամբակում մարգարեն գրում է. “…Եվ ինձ իմ բարձր տեղերի վրա է ման ածում” (Ամբակում 3.19):

Սիրելի’ս, եթե դու Հիսուսի հետ ես քայլում, երբեք ներքև չես իջնի. Նա քեզ միշտ կառաջնորդի դեպի բարձունքները: Միգուցե քո ընտանիքում, աշխատավայրում կամ որևէ այլ բնագավառում անհաջողությունների ես հանդիպել և մտածում ես, թե նսեմացել, ցածրացել ես: Իրականում, դա ընդամենը քո կարծիքն է: Որոշ ժամանակ անց կհամոզվես, որ անցնելով այդ ամենի միջով՝ դու ուժեղացել և բարձրացել ես:

Շարունակի’ր քայլել Քրիստոսի հետ դեպի բարձունքները, և Աստծո հզոր ձեռքը թող քեզ հետ լինի: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: