Gayane Hakobyan

«Մի բան է, թե ինչպես ենք ապրում, մեկ այլ բան է, թե Աստված ինչպես է ուզում, որ մենք ապրենք,- նոյեմբերի 21-ի և 22-ի եկեղեցական ծառայություններին ասաց «Գնացե՛ք, տեսե՛ք» գթության ծառայության պատասխանատու Գայանե Հակոբյանը՝ շարունակելով,- Տերը չի ուզում՝ լինենք այնքան օրհնված, որքան այսօր. պետք է լինենք ավելի՛ օրհնված: Օգտագործի՛ր այն բանալին, որ Տերը տվել է (Մարկոս 6. 34-44)»:

«Երբ հիմնվեց «Գնացե՛ք, տեսե՛ք» գթության ծառայությունը, Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ էր, համատարած սով: Բայց մենք խոսք ունեինք Աստծուց՝ հիմնված Մարկոսի Ավետարանի 6. 34-44-ի վրա: Հիսուսը հազարավոր մարդկանց կերակրելու համար օգտագործեց 2 ձուկ և 5 հաց,- պատմում է Գայանե Հակոբյանը: – Ինչպես պատմության մեջ այդ պատանին, այնպես էլ մենք Տեր Հիսուսի առջև բերեցինք մեր ունեցածը ու, վստահելով Աստծուն, մեր առաջին օգնությունը ցուցաբերեցինք Սպիտակի երկրաշարժից տուժածներին և հայ փախստականներին: Դա պտուղ ունեցավ. գթություն ծառայությունն այսօր դարձել է սոցիալական ծառայությունների կենտրոն»:

Պատմելով ծառայության սկզբնավորման ու ընթացքի մասին՝ Գայանեն սեփական օրինակով ներկայացրեց օրհնված լինելու աստվածաշնչյան մոտեցումը. «Մի բան է, երբ գիտենք, թե ինչ պետք է անենք, մեկ այլ բան՝ երբ անում ենք այն, ինչ Տերն է ասում Իր Խոսքում»:

Մեծ օրհնություն ստանալու համար պետք է պատրաստ լինենք մեծ գին վճարելու, որը դժվար չէ, երբ ունենում ենք աղոթքի կանոնավոր կյանք և չենք մոռանում մեր ունեցած իշխանության մասին: Աղոթքը քրիստոնյայի համար պետք է վերածվի կյանքի ռիթմի:

Երբեմն մենք «ցանում» ենք, բայց «հունձքը»  կարծես ուշանում է: Իրականում Տերն օրհնում է մեզ հենց այն պահին, երբ ցանում ենք: Իսկ պատճառները, թե ինչու «հունձքը» չենք ստանում, երկուսն են՝ մեր բնավորության որոշ գծերը և սատանան. «Ժամանա՛կ հատկացրեք աղոթքի, Աստծուն մեծարելու և պաշտելու համար, խնդրե՛ք տերերի Տիրոջը՝ ցույց տալ ձեր բնավորության վատ գծերը, և փորձեք փոխվել, օգտագործե՛ք ձեզ տրված հավատացյալի իշխանությունը: Մենք շատ ժամանակ աղոթում ենք և չունենք, ոչ թե՝ որ Աստված չի տալիս, այլ՝ որ մենք չենք օգտագործում հավատացյալի իշխանությունը: Նա արդեն տվել է. գնա՛, պահանջի՛ր սատանայից Հիսուս Քրիստոսի անունով ու Սուրբ Հոգու զորությունով»,- կոչ արեց Գայանե Հակոբյանը:

Եկեղեցական ծառայությունն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: