Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի «Կյանքի Խոսք»  եկեղեցին «Ծիծեռնակ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության հետ համատեղ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել Աշտարակում՝ հատուկ կարիքներով երեխաների համար:

Եկեղեցու ծառայողները և հավատացյալները օրը երեխաների համար դարձրեցին ուրախ ու հիշարժան՝ փորձելով նրանց հաղորդել Աստծո սերն ու հոգատարությունը:

Երեխաներին դիմավորելուց, հյուրասիրելուց և հաճելի շփում ունենալուց հետո սկսվեց համերգային ծրագիրը: Եկեղեցու փառաբանության «Ichthus» երիտասարդական խմբի մենակատարների ու «Life» պարային խմբի ելույթները ջերմացրեցին ներկաների սրտերը:  

Յուրահատուկ մանկական ծրագրի ժամանակ երեխաները միասին երգեցին, փառաբանեցին, լսեցին լավագույն ընկերոջ՝ Հիսուսի մասին պատմությունը, դիտեցին իրենց հյուր եկած երկու լավագույն ընկերների` Անի և Ռուդո տիկնիկների ներկայացումը: Իսկ ծաղրածուների կազմակերպած հետաքրքիր խաղերն ու զվարճալի կրկեսային համարները երեխաներին պարգևեցին մեծ ուրախություն:

Միջոցառման հատուկ հյուրն էր երգիչ-ավետարանիչ, երգահան, «Armgospel» համացանցային ռադիոյի հիմնադիր Աբրահամ Տաշչյանը, ով ներկաների համար կատարեց իր մի քանի երգերից, ինչպես նաև նրանց հետ խոսեց Աստծո մեծ սիրո և ողորմության մասին:

Մեզ հետ զրույցի ընթացքում Աբրահամը նշեց, որ մեծ սիրով էր ծառայում այս միջոցառմանը. «Իրականում ինձ համար մեծ պատիվ էր լինել այստեղ, քանի որ շատ օրհնյալ բան էին կազմակերպել՝ հրաշալի օր պարգևելով հաշմանդամ երեխաներին:

Երբ ինձ հրավիրեցին, ես մեծ սիրով համաձայնեցի, քանի որ սիրում եմ լինել այնտեղ, որտեղ Տերն է, իսկ Տերն այնտեղ է, ուր Նրա կարիքը կա: Ես ինքս եկա, որ ոչ միայն իմ ծառայությունով օրհնություն լինեմ, այլև ինքս օրհնվեմ Տիրոջ ներկայությունից, և ես այստեղ զգացի Տիրոջ սերը, գուրգուրանքն ու գթառատությունը»:

Վերջում բոլոր ծառայողներն աղոթեցին երեխաների և նրանց ծնողների համար: Այնուհետև ծնողները ստացան «Կյանքի Խոսք» եկեղեցու անդամների կողմից նվիրաբերված հագուստներն ու իրերը, իսկ երեխաներին բաժանվեցին գեղեցիկ նվերներ: 

 «Ծիծեռնակ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ նախագահ Անժելա Հովհաննիսյանի խոսքերով` վաղուց հասունացել էր եկեղեցու հետ համատեղ նման միջոցառում կազմակերպելու գաղափարը: «Այս երեխաներն իսկապես ունեն ուշադրության կարիք, նրանցից շատերը երբևէ չեն մասնակցել այսպիսի միջոցառումների: Ուստի շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, եկեղեցու ծառայողերին, որ նրանք ջանք ու եռանդ չխնայեցին, որ այսօր այս երեխաներն իրենց հասարակության լիարժեք անդամ զգան»,- նշեց տիկին Հովհաննիսյանը: 

Եկեղեցու ծառայող Հովհաննես Մկրտչյանի խոսքերով` բոլորը փորձել էին ամեն բան լավագույն ձևով անել, և ծնողները շատ գոհ էին: «Կարող եմ ասել, որ այս ամենը մեր սպասելիքներից ավելին էր:  Մենք ցանկանում էինք, որ այս օրվա միջոցով Աստված փառավորվեր և հավատում ենք, որ ստացվեց»,- նշեց նա:

Միջոցառումը կայացավ՝ իրականացնելով նպատակներն ու ակնկալիքները, որոնք էին՝ գեղեցիկ օր պարգևել հաշմանդամ երեխաներին՝ ցույց տալով, որ նրանք էլ այս հասարակության լիարժեք անդամ են և սիրված Աստծո ու մարդկանց կողմից, ինչպես նաև նրանց ծնողներին փոխանցել Աստծո խոսքը, որը լի է հույսով ու հավատով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: