artur stepanyan

Հոկտեմբերի 24-ին և 25-ին եկեղեցական ծառայություններն անցկացրեց Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի «Աստծո Եկեղեցու» հայկական ծառայության պատասխանատու հովիվ Արթուր Ստեփանյանը:

Հովվի  հետ այս անգամ Հայաստան էր ժամանել նաև կինը՝ Ալլան, ով  ներկաներին ողջունելուց հետո հորդորեց շաբաթվա մեկ օրը միշտ սուրբ պահել՝ նվիրելով Աստծուն և գալով եկեղեցի: Նա նաև կոչ արեց  դաստիարակել երեխաներին՝ որպես եկեղեցու արժեքը գնահատող, Աստծուն սիրող մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում լիարժեք կծառայեն Տիրոջը:

Այնուհետև ծառայությունը շարունակեց հովիվ Արթուր Ստեփանյանը: Նրա քարոզը հիմնված էր Առակաց գրքի 17-րդ գլխի 6-րդ խոսքի վրա. «Ծերերի պսակը որդիների որդիներն են, և որդիների պարծանքը՝ իրենց հայրերը»:

 Հովիվ Արթուրը նկատեց, որ հայ ժողովուրդը իր պատմության մռայլ և ողբերգական ժամանակահատվածում՝ 1915թ.-ին, ընտրեց Կյանքը՝ այն ժառանգությունը, որը ունենք Երկնքում: Հայ մարդն արժևորեց Քրիստոսին և իր հավատքն առավել,  քան այն ամենը, ինչ կունենար հավատափոխ լինելու դեպքում:

«Մեր պապերն  ընտրեցին «ավելիով Կյանքը» երկրայինի փոխարեն: Այսօր նրանց կատարած քայլը մեզ համար պարծանք է և մեծ օրինակ: Բայց արդյո՞ք մենք կլինենք պսակ մեր թոռների համար կամ պարծանք՝ հայրերի համար, թե՞ ոչ, մեզնից է կախված»,- ասաց հովիվ Արթուրը:

Նա հորդորեց ամուր բռնել  ժառանգությունը, որը ունենք Քրիստոսի խաչի շնորհիվ, քանի որ հակառակ դեպքում մենք այն կարող ենք կորցնել.

«Մատների արանքով մի՛ վերաբերվիր այն պատվին, որին արժանացել ես՝ լինելով քրիստոնյա և հայ ազգի ներկայացուցիչ: Այո՜, մենք փրկված ենք Քրիստոսի շնորհքով և հավատքով,  բայց  քանի դեռ ապրում ենք այս աշխարհում, մեր կյանքը պետք է փառավորի Տիրոջը»:

Մենք ունենք ժառանգություն Երկնային արքայությունում, ունենք բազում խոստմունքներ, իշխանություն՝ Տեր Հիսուսի անունով հրամայելու և ստանալու, աղոթելու, բժշկելու և բժշկվելու, եթե մեր կյանքով փառավորում  ենք Աստծուն:

Քարոզի վերջում հովվի առաջնորդությամբ ներկաներն աղոթեցին, իսկ ովքեր առաջին անգամ էին եկել, իրենց կյանքերը հանձնեցին Տեր Հիսուս Քրիստոսին:

Եկեղեցական ծառայությունն ամբողջությամբ կարող եք դիտել մեր կայքում:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: