Գոհության 28 պատճառ

1991 թվականին ապաշխարեցի: Այդ ժամանակ 16 տարեկան էի: Մեկ տարի անց  ամուսնացա և մտածում էի, որ երջանիկ կլինեմ, սակայն ամուսնությունից յոթ օր անց  ուժեղ ցավեր զգացի: Գնացի ստուգման, ասացին, որ տուբերկուլյոզ է և բուժում նշանակեցին: Մի քանի հիվանդանոցներում բուժում ստանալուց հետո պարզվեց, որ ախտորոշումը սխալ էր կատարվել:

3_1741_smallՍարսափելի նիհարել էի, ոչինչ չէի կարողանում ուտել, ախորժակ չունեի և շարունակ սրտխառնոց էի զգում: Աչքերիցս, ականջներիցս  թարախային արտահոսք էր սկսվել, երիկամներս արյունահոսում էին, լրիվ ուժասպառ էի եղել: Պարբերաբար դիմում էի մի բժշկից մյուսին, սակայն անօգուտ. բուժում ընդունելուց որոշ ժամանակ անց հիվանդությունը կրկնվում էր: Մի քանի անգամ բժիշկներն ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին` համարելով, որ այլևս հույս չկա ինձ բուժելու:

Տասը տարվա ընթացքում իմ մարմնում  հայտնաբերվեց 28 հիվանդություն`  պիելոնեֆրիտ` երիկամների թարախային բորբոքում,  էնդոմետրիոզ` հազվադեպ հանդիպող պաթոլոգիկ գինեկոլոգիական հիվանդություն և այլն: Երկու ամսվա մեջ չորս վիրահատություն կատարեցին, որի հետևանքով 8-9 ամիս ընդհանրապես չկարողացա քայլել: Այլևս չէի ցանկանում ապրել, ուզում էի կյանքիս վերջ տալ: Աստծուն հարցնում էի, թե  ինչու է  թույլ տալիս, որ անցնեմ այդ դժվարությունների ու ցավերի միջով:

2_1741_smallՄի գիշեր Աստված խոսեց ինձ հետ: Նա հարցրեց` մտածե՞լ եմ արդյոք, թե որտեղ եմ լինելու մահից հետո: Այդ հարցը ահազանգի նման հնչեց իմ սրտում: Ես սկսեցի խոստովանել մեղքերս Աստծո առջև, խնդրել, որ Նա ների  և մաքրի ինձ, որպեսզի ոչինչ չխանգարի ինձ Երկնքում Նրա հետ լինելու: 15 տարի առաջ հայրս մեկնել էր արտագնա աշխատանքի և մոռացել էր մեզ: Նա ոչ մի անգամ չէր հիշել ո’չ ինձ, ո’չ մորս, և ես չէի կարողանում ներել նրան: Այդ օրը Աստված ինձ լցրեց գերբնական խաղաղությամբ և օգնեց ներել հորս: Ես նույնիսկ սկսեցի կարոտել նրան և Աստծուն խնդրեցի, որ մահանալուց առաջ ինձ հնարավորություն տա վերջին անգամ լսել նրա ձայնը: Աստված պատասխանեց իմ աղոթքին: Հայրս զանգահարեց, ներողություն խնդրեց այն տարիների համար, որ լքել էր մեզ, առաջարկեց իր  օգնությունը:

Որոշ ժամանակ անց որոշեցի սովորել մեր եկեղեցու աստվածաշնչյան դպրոցում: Մեծ դժվարությամբ էի մասնակցում դասերին, երբեմն բարձր ջերմություն էի ունենում: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնուս հետ մեկնեցինք Մոսկվա, որտեղ նա աստվածաբանական կրթություն ստացավ, այնուհետև հովվական ծառայություն սկսեցինք Սամարայի շրջանի Նովոկույբիշևսկ քաղաքում:

2002 թվականին Ծաղկաձորում մասնակցում էինք մի կոնֆերանսի, որտեղ Աստված խոսեց ինձ հետ և ասաց, որ չդադարեմ ծառայել Իրեն. Նա բժշկելու է ինձ: Վերադառնալով Ռուսաստան` սկսեցի ավելի ջերմեռանդորեն ծառայել Աստծուն: Եվ հրաշքը չուշացավ. ամեն ինչ եղավ այնպես, ինչպես Աստված խոստացել էր:

Այժմ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այդ բոլոր տարիների համար, որովհետև անցնելով նեղությունների միջով` սկսեցի ավելի շատ փնտրել Նրան, զգացի, որ Նա իմ կողքին է, հասկացա, որ Նա  ամենակարող է և  Նա է ինձ բարձրացնողը:

Վեներա Ասատրյան, 35 տարեկան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: