Иоаким Люндквист: “Осмеливайся верить, что Дух Святой с тобой!”

«Ինչպես առաջին դարում, այնպես էլ այսօր Տերը մեր սրտերում դնում է Իր Խոսքը, որպեսզի մենք դուրս գանք և այն հասցնենք ազգերին»: Այս մասին փետրվարի 20-ին և 21-ին մեր եկեղեցում քարոզեց Շվեդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցու ավագ հովիվ Յոհակիմ Լյունդկվիստը:

Մինչ Հոգու գալուստը աշակերտները վերնատանը սպասում էին և աղոթում: Պենտեկոստեի օրն Աստված Իր Սուրբ Հոգով նրանց սպառազինեց զորությամբ` համարձակ քարոզելու Ավետարանը, միևնույն ժամանակ վերնատան դրսում հավաքված մարդկանց սրտերը պատրաստեց` այն ընդունելու համար:

Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ամեն անգամ, երբ մենք եկեղեցում աղոթում, փառաբանում և երկրպագում ենք Աստծուն, Տերը պատրաստում է եկեղեցուց դուրս գտնվող մարդկանց սրտերը լսելու համար:

«Հավիտյան «վերնատանն աղոթք անելը» Աստծո ծրագիրը չէ մեզ համար: Հիսուսը կամենում է, որ մենք էլ աշակերտների պես դուրս գանք և փրկության բերենք մարդկանց»,- ասաց հովիվ Յոհակիմը:


Նրա խոսքով՝ Աստծո այս ծրագիրը կյանքի կոչելու համար մենք պետք է կատարենք երկու կարևորագույն քայլ. նախ` համարձակվենք հավատալ, որ  Սուրբ Հոգին միշտ մեզ հետ է, նաև քայլ անենք մեր հարմարավետ նավակից դուս:

Աստվածաշնչում գրված է. «Եվ Ես Հորը կաղաչեմ, որ ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան» (Հովհ. 14.16): Սուրբ Հոգին մեզ հետ է անկախ նրանից՝ կզգանք մենք Իր ներկայությունը, թե ոչ: Հավատալով այս ճշմարտությանը՝ մենք կկարողանանք փոխել մեզ շրջապատող աշխարհը:

«Այդ հրաշքը տեսնելու համար մենք պետք է լսենք Հիսուսի ձայնը և Պետրոսի պես կարողանանք դուրս գալ հարմարավետ և ապահով նավակից: Այսօր շատ մարդիկ ունեն հենց քո հավատքի քայլի կարիքը: Եղի՛ր մարդ, ով կհամարձակվի հավատալ և քայլ անել»,- հորդորեց հովիվը:

Վերջում Յոհակիմ Լյունդկվիստն առաջ հրավիրեց 30-ից ցածր տարիքի երիտասարդներին, օրհնեց նրանց և աղոթեց, որպեսզի Աստված տա նրանց Սուրբ Հոգու հետ քայլելու համարձակությունը:

Ծառայությունից հետո եկեղեցու անդամները կիսվեցին իրենց տպավորություններով.

«Հրաշալի ծառայություն էր: Ես հավատում եմ, որ մի զորավոր բան տեղի ունեցավ եկեղեցում: Ես իրապես հավատում եմ, որ այս ծառայության պտուղները դեռ կտեսնենք: Շնորհակալություն Տիրոջը այս խոսքի համար»,- ասաց Կարինեն:

«Կարծում եմ՝ այսօրվա պատգամն ավելի, քան պետք էր մեզ: Եվ պատահական չէ, որ այն լսեցինք հենց երիտասարդական կոնֆերանսից հետո, երբ թարմացած ու շատ  զորացած ենք հավատքով: Ես ևս որոշում կայացրի հավատալ և քայլ անել նավակից դուրս»,- ասաց Գոհարը:

«Շատ տպավորված եմ այս ուղերձով: Տերը տվեց մեզ ոչ թե վախի, այլ սիրո, զգաստության և խիզախության Հոգի: Զարմանալի է այն, որ Տերը միևնույն ժամանակ պատրաստում է և՛ Աստծո Խոսքը լսողին, և՛ քարոզողին: Մենք գիտենք՝ Ում ենք հավատացել, դրա համար էլ լինենք համարձակ և քարոզենք Աստծո Խոսքը»,- նշեց եկեղեցու տարածքային հովիվ Էդուարդ Մխիթարյանը:

Եկեղեցական ծառայությունը կարող եք դիտել այստեղ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: