Ծնվել ու մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ տիրում էր կոմունիստական գաղափարախոսությունը: Աստծուն չէի հավատում, մտածում էի, որ եթե Նա լիներ, ես առանց մայր չէի մեծանա: Սակայն մի օր ներքին լարվածությանը չդիմանալով` նստեցի հատակին ու ասացի. «Տե՛ր Աստված, հոգիս վերցրու` ազատվեմ»:

Տասը օր քնեցի` առանց ուտելու և խմելու: Բժիշկները չէին կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում ինձ հետ: Նրանք տարբեր ենթադրություններ էին անում` լեթարգիական քուն, նյարդային համակարգի խանգարում, գլխուղեղի բորբոքում եւ այլն: Երբ տասը օր քնելուց հետո աչքերս բացեցի, ինձ թվաց, թե ընդամենը մեկ ժամ եմ քնել: Զարմացա, թե ինչու են մեր բոլոր բարեկամներն ու ծանոթները հավաքվել մեր տանը:

Արթնանալու պահին կարծես մի ուժ հպվեց ինձ, այնպիսի զգացողություն էր, կարծես ոչ թե ես էի արթնացել, այլ մեկ ուրիշ անձնավորություն: Հանկարծ անկախ իմ կամքից սկսեցի խոսել մի մարդու ապագայի մասին, որին նախկինում չէի ճանաչում: Այդ պահին նա գտնվում էր մեր տանը: Բոլորն ասացին, որ այդ պարգևն Աստծուց է: Քաղաքի տարբեր ծայրերից մարդիկ սկսեցին գալ ինձ մոտ` իրենց ապագան գուշակելու համար:

Գիշեր ու ցերեկ հանգիստ չունեի: Կորցրել էի խաղաղությունս, գիշերը չէի կարողանում քնել, ավելի ճիշտ, չէի կարողանում հասկանալ` քնա՞ծ եմ, թե՞ արթուն, մահացածների հետ էի խոսում, նրանք ինձ տեղեկություններ էին հաղորդում տարբեր մարդկանց մասին: Աչքերս բացում էի ու տեսնում, որ այդ մարդիկ իմ առջև են, սկսում էի խոսել նրանց անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Մարդկանց հոսքը չէր դադարում դեպի մեր տուն: Ես փորձում էի կանգնեցնել այս ամենը, սակայն չէի կարողանում: Գիշերները ինձ տանջում էին, հալածում, իմ առջև բերում էին սև երիզներով մի մեծ գիրք և ասում. «Կարդա՛ այս գիրքը, այստեղ այնպիսի բաներ են գրված, որ առավոտյան պետք է ասես մարդկանց»: 

Ես լցվել էի ատելությամբ բոլորի հանդեպ, սկսել էի ատել նույնիսկ ամուսնուս և երեխաներիս: Այս ամենից բացի, սարսափելի գլխացավեր էի ունենում:

Մի օր հետաքրքրությունից դրդված գնացի եկեղեցի: Երբ քարոզիչն ասաց, որ Քրիստոսը ներկա է դահլիճում, ես աչքերս փակեցի ու ասացի. «Ես Քեզ չեմ հավատում, բայց եթե կաս, ապացուցիր Քո ներկայությամբ»: 

Հանկարծ այնպիսի զգացում ունեցա, կարծես երկինքը բացվեց և մի գերբնական զորություն կրակի նման իջավ իմ ամբողջ էության մեջ: Ես չէի հասկացնում, թե ինչ է կատարվում ինձ հետ: Միայն գիտեմ, որ երբ աչքերս բացեցի, աղոթում էի:

Այդ օրը ես ներքին բժշկություն ստացա, որը ամենամեծ հրաշքն էր ինձ համար: Հետզհետե սկսեցի փոխվել, սիրել մարդկանց, նույնիսկ նրանց, ում նախկինում թշնամի էի համարում:  

Մի օր աղոթքի ժամանակ զգացի, որ Աստված ինչ-որ պարգև է տալիս ինձ. իմ աղոթքը դառնում էր բանաստեղծություն, որն ուղղակի հորդում էր ինձանից: Կարճ ժամանակ անց տպագրվեց իմ բանաստեղծությունների ժողովածուն, որն իր դրական ազդեցությունը թողեց և փոխեց շատերի կյանքը:

Բանաստեղծություններ գրելը միակ պարգևը չէր, որ ես բացահայտեցի իմ կյանքում: Աստված ինձ առաջնորդեց նաև քրիստոնեական հաղորդումներ վարելու: Սակայն ամենամեծ պարգևը, որ ստացել եմ Աստծուց, դա մանկավարժական ձիրքն է, որի շնորհիվ այժմ հանրակրթական դպրոցում դասավանդում եմ եկեղեցու պատմություն:

Սիրանուշ Սարգսյան

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: