Հավատք, որ սիրով է գործում

Հուլիսի 4-ի և 5-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց Կալինինգրադի «Ճշմարտություն» եկեղեցու շատ սիրելի հովիվ Ստեփան Առաքելյանը:

Պատգամն սկսելով պատմությամբ՝ հովիվ Ստեփանը նշեց, որ ամենամեծ գաղտնիքները շատ հաճախ թաքնված են լինում այնպիսի տեղերում, ինչպիսիք  չէինք էլ կարողանա պատկերացնել: Հենց այդպես էլ քրիստոնյայի հոգևոր կյանքում է: Երբեմն չիմանալով իրերի իրական դասավորությունը՝ մենք ընկնում ենք մոլորությունների գիրկն այնքան ժամանակ, քանի դեռ չենք բացահայտել ճշմարտությունը:

Մեր հավատքը կրոնի և ֆանատիզմի կվերածվի, եթե չունենանք ճիշտ հիմքով աստվածապաշտ կյանք: Հովիվ Ստեփանը հորդորեց՝ չանտեսել այն, ինչ կարևոր է: Քրիստոնյայի աստվածապաշտության հիմքը Աստծո սերն է, որն իր մեջ չունի եսասիրություն, գոռոզություն և երբեք մեզ չի հասցնի հուսալքության:

-Աստծո սերը մեր մեջ ծնում է հավատք: Հնարավոր չէ մարդկանց բռնի ուժով հավատացյալ դարձնել. դա տեղի է ունենում Տիրոջ գերբնական միջամտությամբ,- ասաց նա՝ մեջբերելով Գաղատացիների թղթի խոսքերից.

«Որովհետև Քրիստոս Հիսուսում ո՛չ թլփատությունն է մի բան կարող, և ո՛չ անթլփատությունը, այլ՝ հավատքը, որ սիրով գործում է» (Գաղատ. 5.6):

Հովիվ Ստեփանը հորդորեց՝ ունենալ հավատք, որը կբխի Տիրոջ սիրուց, քանի որ «ոչ մի մարդկային ջանք չի կարող մեր կյանքում լուրջ հետք թողնել, բացի հավատքից, որը գործում է սիրով»:

-Թո՛ւյլ տվեք, որ Աստված ձեր սրտերը լցնի Իր Խոսքով և սիրով: Երբ մեր սիրտը լցված է աստվածային սիրով, ապացուցելու կարիք չի լինում. այն ինքնին տեսանելի է: Աստծո սերն ուժ է տալիս՝ գնալ Տիրոջ ետևից, Նրա համար անել բաներ, որոնք չէինք ցանկանա անել: Երբ մեր սիրտը լի է Աստծո սիրով, մենք հիասթափություններ չենք վերապրում,- ասաց հովիվ Ստեփանը և քարոզն ավարտեց աղոթքով: 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: