Ապրիլի 18-ին և 19-ին եկեղեցական մեծ ծառայություններն անցկացրեց հովիվ Արթուր Սիմոնյանը, ով խոսեց հաջողակ և երջանիկ կյանքի տարբերությունից: Նա ասաց, որ երջանկություն գտնում ենք Տիրոջ մեջ, իսկ հաջողությունը հետևում է դրան:

Պատահում է՝ մարդիկ լինում են հաջողակ, բայց նրանց երջանիկ համարել դեռևս վաղ է: Հովիվ Արթուրը օրինակ բերեց աստվածաշնչյան մի քանի պատմություն սունամացի կնոջ մասին, ում հավատքն առ Աստված հիմք ստեղծեց իր կյանքում շատ «բայցերի» հաղթահարման համար: Այդ կինը հարուստ էր և ապահովված, և միակ բանը, որ պակասում էր՝ երեխան էր: Իր խոնարհությամբ և հավատքով նա ոչ միայն լույս աշխարհ բերեց զավակին, այլև իսկական օրհնություն դարձավ իր ամբողջ ընտանիքի և ինչու ոչ՝ նաև մեզ համար:

Հովիվ Արթուրն իր խոսքում օրինակ բերեց Թագավորաց չորրորդ գրքի 5-րդ գլխից մի պատմություն: «Եվ ասորիների թագավորի զորագլուխ Նեեմանը մի մեծ և հարգելի մարդ էր իր տիրոջ առջև, որովհետև Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին: Եվ այս մարդը քաջ զորավոր էր, բայց բորոտ էր»։

Նեեմանը բժշկվեց բորոտությունից, երբ լսեց Աստծո Խոսքը և խոնարհաբար կատարեց այն: Բոլորս էլ կյանքում ունենք որևիցե «բայց», որը մեզ թույլ չի տալիս առաջ գնալ և երջանիկ լինել: Այդ «բայցը» կարող է լուծել միայն Աստված: Հովվի խոսքով՝ այսօր դա հեռացնելու ժամանակն է:

«Հավատքին ոչ ասել հնարավոր չէ»,- ասաց հովիվ Արթուրը՝ ավելացնելով, որ երջանիկ ապրելու համար պետք է հավատանք: Հավատքը չերևացող բաների ապացույցն է, հետևաբար՝ ինչպես հավատանք, այնպես էլ կլինի մեզ: Նա կոչ արեց՝ չհուսալ մարդուն, այլ ցանկացած իրավիճակում ապավինել Աստծուն: Եթե այսօր «հավատքով բռնենք Աստծո Խոսքը», ապա վաղը կստանանք մեր «բայցի» լուծումը:

Հովվի խոսքով՝ այսօր շատ քչերն են իրենց խոսակցություններն սկսում Աստծուն փառաբանելով: Ընդհակառակը, շատերը խոսակցությունն սկսում են իրենց «բայցերից»: Այնինչ, եթե ուզում ենք լուծված տեսնել մեր խնդիրները, պետք է սկսենք երկրպագել Աստծուն: «Ինչքան շատ խնդիր ունես, այնքան շատ երկրպագիր Աստծուն»,- ասաց հովիվը:

Հիշեցնելով Աստծո ժողովրդի Կարմիր ծովով անցնելը՝ հովիվ Արթուրն ասաց, որ Մովսեսը փառաբանում էր Աստծուն, որից հետո միայն բացվեց ծովը: «Ծովը բացվելու համար» պետք է փառաբանել Աստծուն, գոհանալ Նրանից այն ամենի համար, ինչ Նա արել է մեզ համար:

Լուծվեց Մովսեսի, Նեեմանի, սունամացի կնոջ, Եսթերի, աստվածաշնչյան մյուս հերոսների հարցը, կլուծվի նաև մերը: «Հաղթանակի համար պետք է հավատքը պահել, հավատքը պահելու համար պետք է Աստծո Խոսք լսել»,- ասաց հովիվ Արթուրը՝ հավելելով, որ Աստված երբեք չի մերժի՝ օգնել մեզ: Նրա ձեռքը միշտ Իր զավակի վրա է:

 «Այնպես որ, համարձակ ենք ասելու՝ Տե՛րն է իմ օգնականը, և ես չեմ վախենա, ի՞նչ կանի ինձ մարդը» (Եբր. 13.6): 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: